Մատչելիության հղումներ

Եվրամիությունը խոստանում է արագացնել Ուկրաինայի անդամակցության գործընթացը


Ուրսուլա ֆոն դեր Լայենը Վլադիմիր Զելենսկուն է հանձնում ԵՄ անդամակցության հարցաթերթիկը, Կիև, 8 ապրիլի, 2022թ.
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Վլադիմիր Զելենսկուն է հանձնում ԵՄ անդամակցության հարցաթերթիկը, Կիև, 8 ապրիլի, 2022թ.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է արագացնել Միությանն Ուկրաինայի անդամակցության մեկնարկի գործընթացը:

Նա երեկ նախ ցավակցություն է հայտնել Կրամատորսկի երկաթուղային կայարանում հրթիռակոծման հետևանքով տասնյակ խաղաղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:

Ապա Եվրոպական հանձնաժողովի նախագահը Զելենսկուն փոխանցել է պաշտոնական հարցաթերթիկը, որը համարվում է գործընթացի ելակետ և ասել է, թե դրա քննարկումը սովորականի պես երկար չի լինի:

«Ձեր երազանքը Եվրոպայի մասին է, և մենք ձեզ հետ ենք, սիրելի Վլադիմիր, իմ ուղերձը շատ հստակ է, Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին, մենք լսել ենք ձեր հստակ կարծիքը։ Այսօր մենք այստեղ տալիս ենք առաջին դրական պատասխանը: Այս ծրարում փաստաթուղթ է, որով կարևոր քայլ է արվում Եվրամիության անդամության ճանապարհին: Հարցաթերթիկի հիման վրա են առաջիկա շաբաթներին սկսվելու քննարկումները: Սովորաբար, դա կարող է ամիսներ կամ տարիներ տևել, բայց խոստանում եմ, որ շաբաթների ընթացքում կավարտենք»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

«Ուրսուլա, մեր պատասխանը մեկ շաբաթում պատրաստ կլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Ուկրաինայի ղեկավարը կոչ է արել սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, այդ թվում՝ հրաժարվել ռուսական նավթից ու գազից:

Հանդիպմանը ներկա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը նշել է, որ էներգակիրների հարցում պետք է առավել զգույշ գործել, քանի որ դա կարող է հանգեցնել էական գնաճի:

Նա ասել է, որ թեման կքննարկվի առաջիկա երկուշաբթի օրը Բրյուսելում: Բորելը նաև հայտնել է, որ Եվրոպական միությունն Ուկրաինային կտրամադրի ևս 500 միլիոն եվրո զենք գնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG