Մատչելիության հղումներ

Այսօրվա անհնազանդության ակցիաներից 360-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել


Այսօրվա անհնազանդության ակցիաներից արդեն 360-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել։ Վաղ առավոտից ընդդիմությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում վարչապետի հրաժարականի պահանջով կրկին փողոցներ էր փակում, երթերի ընթացքում նաև նստացույցեր անում:

Օրվա ընթացքում ցուցարարների տարբեր խմբեր մի քանի անգամ փակեցին Աբովյանի փողոցի մի քանի հատված։ Քաղաքացիների մի խումբը մեծ թվով ոստիկանների ժամանումից հետո արագորեն հեռացավ տարածքից՝ բացելով ճանապարհը։ Ոստիկանները նկատեցին՝ ցուցարարներն այսօր փոխել են իրենց մարտավարությունը։

Մյուս խումբն էլ Սայաթ-Նովա փողոցի մի հատվածն էր փակել՝ նաև աղբարկղերն էին ճանապարհի մեջտեղ տեղափոխել։

Ավտոբուսի վարորդը ցանկացավ փոխել ուղղությունը, սակայն նրան թույլ չտվեցին, իսկ ուղևորներից մի քանիսին զայրացրել էր ցուցարարների ակցիան։ Ասացին, թե աշխատանքից են ուշանում։ Այդտեղ էլ ոստիկանների ժամանելուն պես ճանապարհը բացվեց, աղբարկղերը հեռացվեցին տարածքից։

Թումանյան փողոցում ոստիկանները բերման ենթարկեցին մայթով երթ իրականացնող ցուցարարներին, նրանք ավելի վաղ շատ կարճ ժամանակով փողոց էին փակել։

«Կա հստակ ցուցում, հստակ հրաման». պատգամավոր Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասում է՝ ակցիայի մասնակիցները որևէ օրենք չէին խախտել, ոստիկանները բերման ենթարկեցին անգամ իրենց նոր միացած քաղաքացուն. «Բազմաթիվ կարմիր բերետավորներ մոտեցան ու հրահանգեցին՝ բոլոր տղաներին տանել, ավելին՝ այն տղան, ով այդ պահին ինձ մոտ գտնվում էր, ինձ մոտից տարան, հենց այդ պահին էր միացել, երկու բառ հազիվ էինք կարողացել փոխանակել, բարևել էր, որից հետո տարան։ Այսինքն՝ կա հստակ ցուցում, հստակ հրաման, այսօրվա բիրտ ուժը, որ կիրառվում է, իսկապես աննախադեպ է»։

Կենտրոնի մեկ այլ հատվածում էլ ոստիկանական ավտոբուսից բերման ենթարկված ցուցարարները դուրս եկան, միացան երթին, ոստիկանները չկարողացան կանխել նրանց դուրս գալը։ Շատ չանցած ցուցարարների մի մասը կրկին բերման ենթարկվեց։

Ոստիկանները նաև ընդդիմադիր պատգամավորներից Արծվիկ Մինասյանին էին ցանկանում բերման ենթարկել, երկու անգամ փորձեցին մեքենան նստեցնել, բայց երբ իմացան՝ պատգամավոր է, հրաժարվեցին։ Քաշքշոցից Մինասյանի շապիկն էր պատռվել։

«Այն, ինչ իրենք անում են, օրենքի հետ կապ չունի։ Մի հենարան ունեն՝ ոստիկանությունն է, փորձում են այդ ճանապարհով պահել Նիկոլի իշխանությունը, ուրիշ տարբերակ չկա», - ասում է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ Արփի Դավոյանի՝ ոստիկանությունն օրենքի սահմաններում է գործում

Ասել, որ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է պահում, անհեթեթություն է, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին հակադարձում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Իշխող ուժի ներկայացուցիչը պնդում է՝ ոստիկանությունն օրենքի սահմաններում է գործում։

«Ոստիկանությունը կատարում է իր աշխատանքը, կատարում է օրենքով սահմանված իր պարտականությունները, որոնք են՝ պահպանել հասարակական կարգը, թույլ չտալ, որ քաղաքացիների ազատ տեղաշարժին խանգարեն։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում փողոցներում առավոտյան, երբ մարդիկ գնում են աշխատանքի, քաղաքացիները նույնպես զայրանում են, բողոքում են, ասում են, որ իրենք խնդիր ունեն այս ակցիաների հետ։ Ոստիկանությունը հնարավորինս կատարում է օրենքով իրենց վերապահված աշխատանքը», - պնդում է նա։

Այսօր շուրջ կես ժամ նաև մետրոպոլիտենի աշխատանքն էր դադարեցվել՝ ցուցարարների ակցիայի հետևանքով։ Ոստիկանները նաև այստեղից մեծ թվով քաղաքացիների տեղափոխեցին բաժիններ։ Քաղաքապետարանից հայտնում են՝ անվտանգության համար ժամը 11։30-ին որոշվել էր ժամանակավորապես դադարեցնել գանցքների աշխատանքները և փակել բոլոր կայարանների մուտքերը։ Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքն, ըստ քաղաքապետարանի, վերականգնվել է 12։04-ին։




XS
SM
MD
LG