Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն անհնազանդության ակցիաներն այսօր ավտոերթով սկսեց։ Երևան մտնող միանգամից մի քանի ուղղություններից ցուցարարները շարժվեցին դեպի կենտրոնական փողոցներ։ Նրանք դանդաղ էին վարում մեքենաները՝ փորձելով կանգնեցնել երթևեկությունը։
Շատ չանցած ոստիկանությունը կասեցրեց ավտոերթը՝ բերման ենթարկելով տասնյակ մասնակիցների։
Թե ի՞նչ պատճառաբանությամբ էին բաժիններ տեղափոխում, տեղում ոստիկանները քաղաքացիներին չէին պարզաբանում։ Ցուցարարներին հեռացնում էին մեքենաներից ուժով, որոշ դեպքերում մի քանի ոստիկան էր մասնակցում բերման ենթարկելու գործողությանը։
Այսօր 90-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել. ոստիկանությունից հայտնում են, թե պատճառը ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելն է։ Իսկ բերման ենթարկված քաղաքացիների մեքենաները որոշ ժամանակ ճանապարհներին մնացին, որոշ մեքենաների շարժիչներն անգամ անջատված չէին։ Դրանք տարածքից հեռացվեցին քարշակներով։
Ոստիկանությունն ավելի ուշ հաղորդեց, թե ավտոերթերը ոչ միայն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք։
«Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ», - ասված է հաղորդագրության մեջ։
Այստեղ կա միայն կա բիրտ, ակնհայտ անհամաչափ, խայտառակ վարքագիծ ոստիկանության. Արամ Վարդևանյան
Ընդդիմության ներկայացուցիները չեն համարում, թե ավտոերթով օրենք են խախտել։ «Հայաստան» խմբակցությանից Արամ Վարդևանյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ էր կրում։ Պատգամավորն ասաց, որ ավտոերթը հավաքների ազատության անքակտելի դրսևորում է, ոստիկանությունն իրավունք չուներ այն կասեցնելու։ Իրավապահների գործողությունները Վարդևանյանն ապօրինի, որոշներինը հանցանքի տարրեր պարունակող որակեց։
«Այստեղ կա միայն կա բիրտ, ակնհայտ անհամաչափ, խայտառակ վարքագիծ ոստիկանության, որի իրավունքը և լիազորությունը իրենք չունենք, բայց ի՞նչն է կարևոր. այս ոստիկանները, այն, ում տեսնում եք, իրենք համակարգում փոքրամասնություն են, փոքրամասնություն, և այդ փոքրամասնություն հանդիսացող ոստիկանները թող լավ, կրկին ֆիքսեն, լավ հիշեն` իրենք պատասխանատվության են ենթարկվելու», - ասաց նա:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ոստիկանների գործողություններից նաև մեքենաներ են վնասվել. «Մեր հայրենակիցներից մի քանիսն արդեն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին, տեղեկացրել են, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, կամ վնաս է պատճառվել գույքին, որը նախկինում չի եղել, կան, կարծես թե, գույքային վնասներ, այսինքն` մեքենայից անհետացած գույք կա, կարծես, գումարային անհետացումներ, հափշտակություններ»:
Հրաչյա Հակոբյանն անհիմն է համարում ընդդիմության մեղադրանքները
Ոստիկանությունից իրենց ուղղված մեղադրանքներին չեն արձագանքում։
Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անհիմն է համարում ընդդիմության մեղադրանքները՝ դրանք որակելով ուռճացված ու իրականությունից հեռու։ Ասում է, թե ոստիկանները մյուս քաղաքացիների բնականոն տեղաշարժն են ապահովում։
«Մտածում են միայն իրենց մասին, իրենց ավտոերթերի մասին, իրենց ակցիաների մասին, բայց մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր չեն կիսում իրենց մոտեցումները, դե ոստիկանները պետք է այդ մարդկանց բնականոն շարժն ապահովեն ՀՀ տարածքում», - նկատեց նա:
Հրաչյա Հակոբյանը չի ընդունում նաև, որ ոստիկանների գործողություններն անօրինական են ու անհամաչափ. «Եվ եթե խոսում են բռնություններից կամ ոստիկանների անհամաչափ ուժից, ապա կարող եմ հիշեցնել նույն 2018 թվականի դեպքերը, երբ ոստիկանությունը մահակներով մտնում և ցրում էր ցույցերը, իսկ այսօր նրանք արդեն 16 օր է, կարծեմ, Ֆրանսիայի հրապարակում են, և որևէ այսպես ասած` ուժ չի գործադրվել իրենց նկատմամբ»:
Արդեն վաղը ընդդիմությունը պատրաստվում է նոր թափով սկսել անհնազանդության ակցիաները։