Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի կարող լինել փողոցում և օգնել այն մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։
Ընդգծելով, որ լավ կլիներ՝ Նիկոլ Փաշինյանի նման «ապաշնորհ, դիվանագիտությունից և աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող աղետաբեր ղեկավարը» իշխանությունից գնար՝ Լևոն Զուրաբյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչ պրոցեսով պետք է էդ մարդուն հեռացվի։ Էս գործընթացով հեռացնելը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, ոչ մի լավ ապագա չի խոստանում։
Զուրաբյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Պարոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսն անխնա քննադատում է իշխանություններին, բայց այս օրերին փողոցում չէ, ինչո՞ւ։
Լևոն Զուրաբյան․ - Եթե փողոցում լինելը նշանակում է օգնել այն մարդկանց, որոնց սխալների պատճառով է էս ամեն ինչը կատարվել, իհարկե մենք փողոցում չենք լինի։ Ո՞նց կարող է մենք լինենք փողոցում և աջակցենք մարդկանց, որոնք էս հիմքը դրեցին՝ էս արկածախնդրության։ 98 թվականից սկսած էդ մարդիկ են էդ հիմքը դրել՝ էդ արկածախնդրության։ Սա մեկ, երկրորդը՝ մենք շատ լավ հասկանում ենք և Տեր-Պետրոսյանը դրա մասին գրեց, որ ցնցումներն իրականում շատ վտանգավոր են այսօր Հայաստանի համար և կարող են բերել ավելի ծանր վիճակների Հայաստանի համար և ցնցումներն, իսկապես, կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը բանակցություններում, հետևաբար մենք զերծ ենք մնում նման գործընթացներից։ Իսկապես լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի նման ապաշնորհ, դիվանագիտությունից և աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող աղետաբեր ղեկավարը իշխանությունից գնար, բայց պետք է հասկանալ էդ ինչ պրոցեսով պետք է էդ մարդուն հեռացվի։ Էս գործընթացով հեռացնելը ոչ մի լավ ապագա չի խոստանում։
«Ազատություն»․ - Ձեզ այդ հրապարակը չի՞ համոզել, որ աթոռի կռիվ չէ, գալիս ենք՝ ժամանակավոր կառավարություն, Արցախը փրկել։
Լևոն Զուրաբյան․ - Ես Ձեզ անկեղծ ասեմ, եթե հրապարակում գոնե հնչեր մի քիչ քաղաքական միտք, էնպես չի, որ մենք ֆիքսված ենք անցյալի վրա, էդ անցյալի թշնամության, հակասությունների վրա, եթե հրապարակում հնչեր հստակ քաղաքական միտք, եթե առաջարկվեին լուրջ ալտերնատիվներ, մենք ճկուն ենք հանուն Հայաստանի, եթե մենք տեսնեինք, որ կա գործընթաց, որը խոստանում է ապագայում Հայաստանը ճիշտ ուղղությամբ տանել, և հիմա էլ այս գործընթացն այնպես կտանի, որ իսկապես կապահովի մեծ կոնսոլիդացիա, հանրության լայն շրջանակների ներգրավում, որը շատ կարևոր է, եթե ուզում ես, որ գործընթացը կայուն գնա՝ առանց արյունահեղության, առանց ցնցումների, շատ առանցքային է հանրության լայն շրջանակների ներգրավումը, դա ինքնին դառնում է երաշխիք, որ գործընթացները նորմալ են գնում։ Եթե մենք տեսնեինք, որ նման գործընթաց է գնում և հաշվարկված, ռացիոնալ քաղաքական մտքի շուրջ հնարավոր է լայն կոնսոլիդացիա, իհարկե մենք կմիանայինք այդ գործընթացին, կամ ինքներս կնախաձեռնեինք։
Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․