Մատչելիության հղումներ

Շարժումն ակնհայտ է դարձրել, որ այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ կա. Իշխան Սաղաթելյան   


Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժումը մարտավարությունը կփոխի հաջորդ շաբաթվանից։ Այսօր հայտարարեց շարժման առաջնորդներից Հայաստան խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը, բայց չմանրամասնեց, թե ինչ են անելու։

«Մենք մարտավարության որոշ փոփոխություններ անելու ենք ու, այո, հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի», - ընդգծեց Սաղաթելյանը:

Երկու շաբաթ է՝ Երևանում անհնազանդության ակցիաներ, երթեր ու ցույցեր են անում խորհրդարանական «Հայաստան» ու Պատիվ ունեմ» խմբակցությունները։ «Արդյունքները տեսանել են»,- ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Սաղաթելյանը, բայց կարծում է՝ Փաշինյանին հեռացնելու համար բավարար չեն։

«Երբ որ ասում են՝ երբ ա իր հեռացման օրը, ասում եմ՝ էն օրը, որբ որ մեր աջակիցներն ու մեզ պես մտածողները նաև մասնակից դառնան անհնազանդության ակցիաներին, և վստահեցնում եմ, որ այդ օրը հեռու չի», - ընդգծեց նա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն ամեն օր թվեր է հրապարակում ընդդիմության ցույցերի, երթերի մասնակիցների քանակի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ ցուցարարները չեն ավելանում։ Իսկ ի՞նչ տպավորություն ունեն շարժման առաջնորդները։ Իրենց հաշվարկներով՝ շարժումը ընդլայնվո՞ւմ է, թե՞ մարում, հարցրինք Իշխան Սաղաթելյանին։

«Մենք no stop առավոտից մինչև գիշեր ակցիաների մեջ ենք, որ օրը մեզ պետք ա լինում, ասում ենք՝ «ժողովուրդ էս օրը գործ կա անելու», ժողովուրդը ներկ ա: Մեր արժանապատիվ քաղաքացիները ցույց են տվել, որ էս պայքարից նահանջ չկա: Դրանք երազախաբ են լինելու, մարդիկ շատ հստակ ձևակերպել են պահանջը, մենք էսօր ունենք արդեն տասնյակ հազարների հասնող քաղաքացիներ, ովքեր իրենց առօրյան սկսում են դիմադրությանը մաս կազմելով», - պատասխանեց նա:

Իսկ Ազգային ժողով վերադառնալու ծրագիր ունե՞ն իշխանության դեմ պայքարը փողոց տեղափոխած խորհրդարանականները, թե՞ Ֆրանսիայի հրապարակում էլ կավարտվի պատգամավորական գործունեությունը։ «Խորհրդարան վերադառնալու եմ, ես էս պահին իմ մասին եմ ասում, որովհետև դաշինքում ամբողջական որոշում չունենք, բայց առհասարակ տրամադրությունն էսպիսին ա, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով: Մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ, ժողովրդի օրակարգը սպասարկելու համար: Էսօր էդ օրակարգը փողոցում ա, մենք փողոցում ենք: Եթե էդ օրակարգը կլինի խորհրդարանում, կլինենք խորհրդարանում», - արձագանքեց Սաղաթելյանը:

Փողոց դուրս եկած ընդդիմադիրների օրակարգում այսօր անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ չկային, միայն քննարկումներ ու մշակութային միջոցառումներ։ Վաղը ընդդիմությունը նախատեսում են հանրահավաք անել, որի ժամանակ էլ կխոսեն հետագա անելիքներից։

«Շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG