Մատչելիության հղումներ

Շարժումը կասեցրել է արցախյան հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը. Սաղաթելյան


Շարժումը կասեցրել է արցախյան հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, այսօր հայտարարեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ընթացքում` ներկայացնելով մայիսի սկզբից մեկնարկած ակցիաների արդյունքում իրենց արձանագրած ձեռքբերումները:

«Երկրորդ՝ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը: Երրորդ՝ շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու: Չորրորդ՝ շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար», - ներկայացրեց նա:

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այս շարժումն ըստ էության «ղարաբաղյան երկրորդ շարժումն է»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ հարցին, ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ «մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը ժողովրդի կողմից մանդատ չունի»:

Ըստ Սաղաթելյանի, այն պայմանավորվածությունները, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, «խաղաղության պայմանագիր չի, դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, դա մեր կողմից անընդունելի է»:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը, Իշխան Սաղաթելյանի պնդմամբ, իշխանությունների օր առաջ հեռացումն է:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG