Հայաստանը տասնյակ հազարավոր ռուսաստանցիների է ընդունել, որոնք որոշել են լքել իրենց հայրենիքը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և դրան հաջորդած պատժամիջոցների պատճառով։
Շատերը նոր ուղղություն ընտրելիս երկար չեն մտածել՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի առանց վիզայի ռեժիմ, Հայաստան կարելի է ճամփորդել նաև ռուսական անձնագրով։
Կիրա Կուզմենկոն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություն ուներ Մոսկվայում։ Associated Press-ի հետ զրույցում նա պատմել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ամուսնու և մանկահասակ դստեր հետ որոշել է լքել Ռուսաստանը։ Ասում է՝ նախ՝ համաձայն չէր կառավարության քաղաքականությանը, բացի այդ՝ բազմաթիվ խնդիրների էր բախվել պատժամիջոցների և ռուսական բանկային համակարգի մեկուսացման պատճառով։ Երևան են տեղափոխվել 7 գործընկերների ընտանիքների հետ, միասին վարձակալել են 400 քմ տարածքով առանձնատուն՝ Երևանի ոչ աղմկոտ հատվածներից մեկում, որտեղ բնակվում և աշխատում են։
«Ռուսաստանում գտնվելն իսկապես դժվարացել էր՝ ելնելով փետրվարի 24-ից հետո ստեղծված իրավիճակից․ պատճառները շատ են՝ բարոյականն առաջին տեղում է: Մյուս կողմից, բիզնեսն իրոք սկսեց տուժել», - հիշում է Կուզմենկոն:
Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներից շատերի կարծիքով՝ երկրում բիզնեսով զբաղվելը գրեթե նույնքան հեշտ է, որքան երկիր մուտք գործելը։ Կուզմենկոն առանձնացնում է հարկային թեթև բեռը։
Ռուսաստանը լքած ձեռնարկատերերի զգալի մասը ՏՏ ոլորտի մասնագետներ են։ Khagheri Antar բջջային հավելվածը, որն այժմ գրանցված է Հայաստանում, իր 14 աշխատակիցներին Հայաստան է տեղափոխել, ևս 40-ը հեռավար աշխատում են այլ երկրներից:
Հայաստան տեղափոխվելը «հարկադրված որոշում» էր և «մարդկանց աշխատատեղերն ու աշխատավարձերը պահպանելու հնարավորություն», ասում է ընկերության դիզայնի բաժնի ղեկավար Վիկտոր Մալինովսկին։
Associated Press-ը նշում է, որ եկվորներին շատ գրկաբաց են ընդունում Հայաստանում՝ թե՛ կառավարությունը, թե՛ բնակչությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ «թեժ գիծ» է բացել Հայաստան տեղափոխված ձեռներեցներին օգնելու նպատակով՝ ինչպես բանկային հաշիվ բացել, բիզնես գրանցել։
«Հայաստանը զարմանալիորեն շատ բարեկամ երկիր է, ժողովուրդը շատ բարի է, շատ հոգեհարազատ: Եվ իսկապես, մեզ հաջողվել է ինչ-որ չափով հասարակության մաս դառնալ, քիչ թե շատ ընտելանալ», - պատմել է ՏՏ ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ Իգոր Վասիլևը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում երկիր է մուտք գործել մոտ 150 հազար ՌԴ քաղաքացի։ Թե նրանցից քանիսն են եկել մնալու նպատակով, դժվար է ասել, նախարարության գնահատմամբ՝ այդ թիվը մոտ 70 հազար է։
Պաշտոնական տվյալներով՝ միայն մարտին Հայաստանում ռուսաստանցիների կողմից գրանցվել է 520 ընկերություն։
Երկիրը հույս ունի օգտագործել բարձր որակավորում ունեցող միգրանտների հոսքը: «Աշխարհում շատ քաղաքներ են մրցում տաղանդավոր մարդկանց համար, և մենք կարծում ենք, որ նման մարդկանց ներհոսքը Հայաստան մեծապես կբարձրացնի Հայաստանի տնտեսության մրցունակությունը», - Associated Press-ի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։