Մատչելիության հղումներ

Արդեն 13-րդ օրն է՝ ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը


«Դիմադրություն» շարժման երթը Երևանում, 12-ը մայիսի, 2022թ.
«Դիմադրություն» շարժման երթը Երևանում, 12-ը մայիսի, 2022թ.

Ընդդիմությունն արդեն 13-րդ օրն է՝ փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Այսօր էլ Երևանի տարբեր հատվածներում շարունակվել են անհնազանդության ակցիաները։ Երիտասարդ ցուցարարները շրջել են բուհերով՝ ուսանողությանը կոչ անելով միանալ իրենց պայքարին: «Ուսանո՛ղ, ոտքի՛», «Պայքա՛ր, պայքա՛ր», «Տեր ենք մեր հայրենիքին», - բացականչում էին նրանք:

Ցուցարարների մի մասն էլ փակել էր Աբովյան փողոցի մի հատվածը՝ Բժշկական համալսարանի հարևանությամբ, նրանցից 6-ը բերման է ենթարկվել։ Ճանապարհը բացվել է։

Նույն ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից ավտոերթերով իրազեկման ակցիաներ են իրականացվել։

Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը դեռ չի բացում փակագծերը՝ իշխանափոխության հասնելու դեպքում ո՞վ է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, ի՞նչ հստակ ծրագրեր ունեն։ Միայն մեկ բան է հստակ՝ խոստանում են ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը կղեկավարի 1-1,5 տարի, դրանում նախատեսում են փորձառու մասնագետների ընդգրկել, առանց անուններ նշելու։ Անցումային կառավարությունից հետո նոր, ըստ ընդդիմության, իրենք խորհրդարանական ընտրություններ են անցկացնելու։

XS
SM
MD
LG