Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր էլ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ավտոերթեր իրականացրին, մեքենաները դանդաղ վարելով նրանք մյուս վարորդներին, անցորդներին կոչ էին անում միանալ իրենց:
Ընդդիմադիրներն ակցիա են իրականացրել նաև Մետրոպոլիտենում:
Այսօրվա ակցիաների ընթացքում միջադեպեր դեռևս չեն գրանցվել, ոստիկանական գործողությունների ու բերման ենթարկումների վերաբերյալ չի հաղորդվել։ Անցած շուրջ երկու շաբաթների ընթացքում ոստիկանությունը հարյուրավոր քաղաքացիների է բերման ենթարկել, երեկ հատկապես լարված էր Երևանի քաղաքապետարանի մոտ։
Ընդդիմադիրները մայիսի 1-ից փակել են Ֆրանսիայի հրապարակը: Արդեն 12 օր է` ցույցեր, անհնազանդության ակցիաներ անցկացնող ակտիվիստները պնդում են, թե չեն հեռանա, քանի դեռ իշխանափոխության չեն հասել: Նրանք նշում են, թե հակառակ դեպքում վարչապետ Փաշինյանն Արցախի հարցում կգնա անհարկի զիջումների:
Պատասխանելով հարցին՝ իրենք ի՞նչ լուծում են առաջարկում, ընդդիմությունը խոսում է ժամանակավոր կառավարության անհրաժեշտության մասին, առանց Արցախի հարցի լուծման հստակ ծրագիր ներկայացնելու։