Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որոշ թուրք գործարարների մոտ մեծացրել է հետաքրքրությունը Հայաստանի տնտեսական ներուժի նկատմամբ:
Չնայած Հայաստանի և Թուրքիայի բանակցություններն ընթանում են բավականին դանդաղ, և վերջին հինգ ամիսների միակ շոշափելի արդյունքը դեռևս միայն Երևան-Ստամբուլ չվերթների վերագործարկումն է, այնուհանդերձ, հայ - թուրքական սահմանների բացման հեռանկարը ոգևորել է գործարարներին:
«Քաղաքական կողմը չգիտեմ հարցի, բայց գործարարների կողմից շատ արագ, շատ շուտ կուզեմ, որ սահմանները բացվեն, որպեսզի կարողանան Հայաստանի վրայով հասնել դեպի Ռուսաստան», - «Ազատության» հետ զրույցում ասաց պոլսահայ գործարար Տիգրան Ալթունը:
Ուկրաինայում ընթացող պատերազմը բացասաբար է ազդել թուրքական բիզնեսի վրա, և տեղական ձեռնարկություններն այլընտրանքային ուղիներ են փնտրում իրենց ապրանքը շահավետ պայմաններով Ռուսաստան արտահանելու համար:
Տիգրան Ալթունի կարծիքով՝ այս առումով Հայաստանը դիտարկվում է որպես հարմար տարանցիկ գոտի՝ առանց մաքսերի թուրքական արտադրանքը, մասնավորապես՝ տեքստիլն ու սնունդը, ռուսական շուկա արտահանելու համար:
«Տեքստիլը շատ մեծ գործ է թուրք գործարարների համար Ռուսաստանում, մորթի, կամ սովորական տեքստիլ և այլն, ուտելիքը շատ մեծ չափերով պիտի ուղարկեն, ինչպես ասացի՝ լոլիկ և այլն: Այնպես որ այս երկուսը շատ մեծ քանակությամբ կարող ենք Հայաստանի վրայով անցկացնել և ուղարկել Ռուսաստան», - նշեց պոլսահայ գործարարը:
Երկար տարիներ բիզնեսով զբաղվող և Թուրքիայում ու Հայաստանում գործարար կապեր ունեցող Տիգրան Ալթունը չի կիսում այն մտահոգությունը, թե հայ - թուրքական սահմանի բացումից հետո թուրքական բիզնեսը, կապիտալը կարող է գրավել հայաստանյան շուկան, և թուրքական ավելի էժան ապրանքները մրցակցությունից դուրս կթողնեն տեղական արտադրանքը: Նրա համոզմամբ՝ օրենսդրական կարգավորումներով հնարավոր է խուսափել նման ռիսկերից:
«Եթե վտանգներ կան, դրանց առաջն առնելու համար օրենքներ պետք է ընդունես, քո օրենքները պետք է ճշգրիտ լինեն, և դու առաջը կառնես, բայց սահմանը փակելով՝ մինչև ե՞րբ: Այսինքն՝ այդ վախը ցմահ պիտի լինի՞ մեր մեջ: Պետք է այլևս, չեմ ուզել ասել, որ սկզբունքների համար, բայց ամենօրյա կյանքի համար, և որպեսզի այս ժողովուրդը շատ ավելի հանգիստ պայմաններում ապրի, շատ ավելի լավ ապրի, սահմանները պետք է բացվեն, ուրիշ ճար չունենք», - ընդգծեց գործարարը:
Չնայած փակ սահմաններին՝ վերջին 5 տարում Թուրքիան Հայաստանի հիմնական առևտրային 10 գործընկերներից է, շրջանառության հիմնական մասը կազմում է Թուրքիայից ապրանքների ներմուծումը։ Միայն անցած տարի է Թուրքիան դուրս մնացել Հայաստանի առևտրային գործընկերների առաջին տասնյակից՝ թուրքական ապրանքների ներմուծման՝ մեկ տարի կիրառված արգելքի պատճառով:
Ալթունի կարծիքով՝ Հայաստանում տնտեսական ներուժ կա ապրանքաշրջանառության ցուցանիշները, այդ թվում՝ արտահանումն ավելացնելու համար: Ըստ նրա՝ հատկապես մրցունակ են հայկական արտադրության ցեմենտն ու էլեկտրականությունը:
«Օրինակի համար՝ «Ջերմուկ»-ը, ցեմենտը: Որովհետև ցեմենտը, ասենք, այն տեսակի նյութ է, որ ուղարկելն ավելի արժե, քան թե իր արժեքը, այնպես որ, ավելի կուզեն ցեմենտ օգտագործողները մոտակայքից առնել: Թուրքիայի արևելյան կողմը ցեմենտի ֆաբրիկա չունենք, գիտեմ դա, ուրեմն՝ կարելի է, որ Կարսը, Էրզրումը նախընտրեն Ստամբուլից ցեմենտ բերելու փոխարեն Հայաստանի ցեմենտը առնեն, օգտագործեն», - նշեց Տիգրան Ալթունը՝ շարունակելով. - «Մենք բավական շատ էլեկտրականություն ունենք Հայաստանում, որ չենք օգտագործում հիմա, մեր կարողության մի մասն ենք օգտագործում միայն, կարող ենք էլեկտրականություն վաճառել, որ 90-ականների սկզբներին սա նյութ էր դարձել: Մենք էլ բավական բաներ պիտի ունենանք վաճառելու»:
Պոլսահայ գործարարը լիահույս է, որ հայ - թուրքական բանակցային գործընթացը հաջողություն կունենա: