Մատչելիության հղումներ

Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են «երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»


Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը:

Հայ և թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն: Թուրքական կողմը ևս նույն բովանդակության հաղորդագրությամբ է հանդես եկել:

«Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների», - ասված է հաղորդագրության մեջ։

Այսօրվա հանդիպումը արդեն երրորդն է հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացների նշանակումից ի վեր: Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին Վիեննայում: Երկու հանդիպումների արդյունքում բանագնացները պայմանավորվել էին շարունակել գործընթացը՝ առանց նախապայմանների:

Ու չնայած թուրքական կողմը պնդում է, թե եկել է բանակցությունները Երևան ու Անկարա տեղափոխելու ժամանակը, այս հանդիպումը ևս, հայկական կողմի առաջարկով երրորդ երկրում կայացավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG