«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա», - այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը: Մինչդեռ երեկ Թուրքիայի արտգործնախարարն ասել էր, թե Երևանն ու Անկարան արդեն համաձայնության են եկել քննարկելու երկու երկրների միջև սահմանի հստակեցման հարցը:
Մևլութ Չավուշօլուն այդ մասին խոսել է Լատինական Ամերիկայից վերադարձի ճանապարհին, երբ լրագրողները հարցրել են հայ և թուրք հատուկ բանագնացների հերթական հանդիպման մասին:
«Քննարկվելու են առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ մանրամասնելով, թե երկու երկրների սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն կա և հիմա օրակարգում է, թե ինչպես է դա արվելու: Չավուշօղլուն չի բացառել, որ ստեղծվի համատեղ հանձնաժողով, ինչպես հայ-ադրբեջանական սահմանի դեպքում է նախատեսվում: Մինչդեռ Երևանը հերքում է։
«Նման հարց օրակարգում չկա», - գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ արդեն քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր՝ մասնավորապես տարիների ընթացքում Արաքսի վարարման հետևանքով առաջացած սահմանային փոփոխություները. - «Սահմանային գետերի սողանքների հետ կապված հարցեր կան։ Քննարկվում է, թե ինչ աշխատանքներ կարող են տարվել։ Վաղը սահմանների բացման դեպքում հաղորդակցության հարցեր առաջ կգան։ Ճանապարհների և երկաթուղիները գործարկման հետ կապված երկու կողմերն էլ անելիքներ ունեն»։
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի կարծիքով՝ տարիների ընթացքում հեղեղների հետևանքով տեղի ունեցած սահմանային փոփոխությունները էական չեն: «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիան այդ հարցը առաջ քաշելով այլ նպատակ ունի՝ հասնել Թուրքիայի սահմանների պաշտոնական ճանաչմանը. - «Կարծում եմ, որ թուրքական կողմը այդ մանր խնդիրը առաջ քաշելով իրականում կոծկում է իր բուն նպատակը՝ Կարսի պայմանագրով եղած սահմանը, որը մինչև հիմա իրապես վավերացված չէ և չի ընդունված Հայաստանի կողմից պաշտոնապես, դա պաշտոնականացնի և այդ սահմանը մշտական դարձնի։ Ես կարծում եմ, այդ թեթև սահմանային փոփոխությունները պատրվակ են միայն»։
Վաղը կայանալիք հանդիպումը արդեն երրորդն է հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացների նշանակումից ի վեր: Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին Վիեննայում: Երկու հանդիպումների արդյունքում բանագնացները պայմանավորվել էին շարունակել գործընթացը՝ առանց նախապայմանների:
Ու չնայած թուրքական կողմը պնդում է, թե եկել է բանակցությունները Երևան ու Անկարա տեղափոխելու ժամանակը, այս հանդիպումը ևս, հայկական կողմի առաջարկով երրորդ երկրում կկայանա:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև անդրադարձել է անցած շաբաթ Ուրուգվայում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին: Ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին տեղի հայ համայնքը ցույցով էր դիմավորել Չավուշօղլուին, ով ի պատասխան մեքենայի պատուհանից ցույց էր տվել մի շարք երկրներում արգելված թուրքական «Գորշ գայլեր» ծայրախեղ ազգայնական կազմակերպության ժեստը:
Ավելի քան տասն օր անց առաջին անգամ արձագանքելով այդ միջադեպին՝ Չավուշօղլուն ասել է, ցուցարարներն են տգեղ պահել իրենց, ինքն էլ անհրաժեշտ պատասխանն է տվել։ Նրա համոզմամբ, այդ ժեստը վիրավորանք չէր ո՛չ Ուրուգվայի իշխանություններին, ո՛չ Ուրուգվայի ժողովրդին, ո'չ էլ հայ ցուցարարներին, և իր հասցեին մեղադրանքները անհիմն են: Թե կոնկրետ ինչն էր իրեն վրդովվեցրել, Չավուշօղլուն չի հստակեցրել:
Անցած շաբաթ հայ-թուրքական կարգավորմանն անդրադարձել էր նաև Թուրքիայի նախագահը երկրում ապրող փոքրամասնությունների հետ ընթիքի ժամանակ, որին ներկա էր նաև Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա «Ազատությանը» պատմեց, որ Էրդողանը ասել էր, թե լիահույս է, որ հայ -թուրքական սահմանը կբացվի:
Հունվարից շարունակվող բանակցությունների արդյուքնում առայժմ կողմերը համաձայնել են միայն վերականգնել օդային հաղզորդակցությունը՝ վերսկսելով ուղիղ չվերթները Երևանի ու Ստամբուլի միջև: