Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր բացահայտել է, թե ինչ սկզբունքներ է առաջ քաշել Երևանը խաղաղության բանակցություններ սկսելու համար:
Ըստ Բայրամովի, Երևանից ստացած փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից: Ընդգծվում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է համահունչ լինի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին:
Մյուս կետում էլ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, հայկական կողմը նշել է, թե պատրաստ է բանակցել Բաքվի հետ և այդ հարցով դիմել է Մինսկի խմբի համանախագահներին:
«Եթե նայենք այդ փաստաթղթին, կտեսնենք, որ դրանք չեն կարող առաջարկներ կոչվել: Այդ փաստաթուղթը ներկայացվել է հայկական կողմի արձագանքի տեսքով Ադրբեջանի առաջարկներին: Ես կարող եմ թվարկել այդ 6 կետանոց արձագանքի որոշ կետեր և դուք էլ կարող եք եզրակացնել, թե որքանով կարելի է դրանք առաջարկներ համարել», - ասել է Բայրամովը:
Հայկական կողմը սեփական առաջարկները դեռ չի գաղտնազերծել։ Արտգործնախարար Միրզոյանը միայն հայտարարել է, թե Երևանի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և արցախահայերի իրավունքների ու անվտանգության հարցը։
Նույնն այսօր կրկնել է նաև վերջերս հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված էդմոն Մարուքյանը։ Նա պնդել է, թե Ադրբեջանը համաձայնել է բանակցությունների օրակարգում ներառել թե' սեփական հինգ, թե' Հայաստանի վեց առաջարկները։
Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, այսօր փոխըմբռման մասին որևէ ակնարկ չի արել։
Շաբաթներ առաջ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջը սահմանազատման հանձնաժողով ստեղծել: Բայրամովը այսօր հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը արդեն համաձայնեցրել են պատվիրակությունների կազմը։ Թե կոնկրետ ովքեր են լինելու հանձնաժողովում, նախարարը չի ասել, միայն նշել է, որ Ադրբեջանը ներկայացված կլինի փոխվարչապետի մակարդակով:
Թե ով է ներկայացնելու Հայատանը, հստակ չէ, արտգործնախարարությունը մանրամասներ դեռ չի հայտնել։ Հայտնի չէ նաև, թե երբ և որտեղ է լինելու կողմերի առաջին հանդիպումը:
Մինչ այդ առաջիկա բանակցությունների օրակարգից որոշ մանրամասներ է բացահայտել նաև Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը: Խալաֆ Խալաֆովը, մասնավորապես,պնդել է, թե սահմանազատման այդ հանձնաժողովը, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկի նաև Տավուշում գտնվող Ղազախի շրջանի ադրբեջանական 7 անկլավային գյուղերը և Արարատի մարզի Քյարքին՝ Տիգրանաշենը, Ադրբեջանին վերադարձնելու հարցերը. - «Ղազախի 7 շրջանների, Քյարքիի հետ կապված հարցերը, և այս թեմայի հետ կապված հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում: Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, թե այդ տարածքները Ադրբեջանինը չեն: Այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը պահանջում է սահմանազատման գործընթաց և կքննարկվի սահմանազատման պահանջներին համապատասխան ու դրա շրջանակներում: Այդ հարցերը կքննարկվեն ու կլուծվեն»:
Պաշտոնական Երևանը Բաքվի այս պնդումներին արձագանքել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի մակարդակով: Մարուքյանը պնդել է, որ հայկական կողմում չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Փոխարենը, ըստ Մարուքյանի, կան իրավական հիմնավորումներ, որ Հայաստանին են պատկանել Արծվաշենն ու մի շարք այլ տարածքների՝ այդ թվում՝ Սոթք-Խոզնավար հատվածում:
«Այս հարցերը պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում», - «Արմենպրեսին» ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը: «Ազատությունը» դիմել է նաև արտգործնախարարությանը, խոստացել են ավելի ուշ արձագանքել:
Անցած շաբաթ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել. - «Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին»:
90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում ադրբեջանական 7 անկլավային գյուղ է մնացել՝ Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը, իսկ Արարատի մարզում ՝ Տիգրանաշենը, երբեմնի Քյարքին։ Իսկ ադրբեջանական կողմում մնացել է մի ժամանակ հայաբնակ Արծվաշենը՝ ներկայիս Բաշքենդը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզում էր։