Մատչելիության հղումներ

Երևանի պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ «մնում են ամբողջությամբ ուժի մեջ»


Իմ և Ադրբեջանի արտգործանախարարի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արագորեն ուղղելով հարց հնչեցրած իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանին և շեշտելով, թե սա շփման երկկողմ ձևաչափ չէ։

«Ձեռնպահ կմնայի այդպիսի ձևակերպում տալ, որը Դուք արեցիք՝ երկկողմ ձևաչափ, երկկողմ ձևաչափ, ըստ էության, գոյություն չունի, երկկողմ բանակցություններ չեն տեղի ունեցել, եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին», - պարզաբանեց նախարարը։

Երկու արտգործանախարարների մի քանի օր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցն աննախադեպ էր, քանի որ նախկինում կողմերը առավելապես միջնորդների աջակցությամբ են շփվել։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար Բաքուն հինգ առաջարկներ էր ներկայացրել Հայաստանին։ Պաշտոնական Երևանը պատասխանել էր Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

Այս ուղիղ հեռախոսզրույցը արդյոք նշանակոմ է, որ Հայաստանը հետ է կանգնում այս բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափում դիտարկելուց։ Սա իշխանական պատգամավորի հաջորդ հարցն էր։

«Մեր պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ, մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության, այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, և այդ որոշումն ուժի մեջ է։ Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որ նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա», - շեշտեց նախարար Միրզոյանը։

Ադրբեջանը, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։ Պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ այս առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։

«Հայաստանի անունից հիմա բանակցում է սա, դուք սա եք»

Դեռ քառօրյայի սկզբին Արցախ մեկնելու ակնկալիքով նիստերի դահլիճը լքած ընդդիմադիրները նաև հարցուպատասխանին չէին ներկայացել։ Միայն ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որ Երևանում էր, ներկա էր նիստին ու օգtվելով հարցի իրավունքից` ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունից մի քանի մեջբերում և արձանագրեց՝ այս սպառնալիքներից և ոչ մեկին այսօրվա մի քանի ժամանոց ելույթներում իշխանականներից որևէ մեկը չի արձագանքել։

««Մենք ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չկա, Բրյուսելում ես ևս մեկ անգամ հստակեցրել եմ, որ Հայաստանն ընդունում է մեր պայմանները, իսկ հակամարտություն և Լեռնային Ղարաբաղ բառերը չկային հայտարարության մեջ, որովհետև դրանք լուծված են և չեն կարող քննարկվել։ Արցախցիները պետք է ընդունեն, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են և պետք է ապրեն Ադրբեջանի դրոշի ներքո»։ Սա հայտարարել է թշնամական պետության ղեկավարը, և այս ամենն իմանալով այսօր մի քանի ժամանոց շոուն, որը դուք կազմակերպել էիք, ոչ միայն չեք անդրադարձել որևէ մեկին այս հայտարարություններից, այլև հայտարարել եք, որ բոլորը, ինչ հայտարարում է, ինչ նախապայմաններ ներկայացնում է Ադրբեջանը, ձեզ համար ընդունելի է, և անընդունելի ոչինչ չկա։ Շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը և թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի դիմաց՝ անկախ նրանից՝ նրանց ինչ կզիջեք, դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է, որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։ Ձեզ միայն մի բան պիտի ասեմ, որ հետևելով վերջին իրադարձություններին՝ պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա, դուք սա եք, սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը, և սրանից փախնել դուք չեք կարող», - հայտարարեց պատգամավորը։

Ելույթի ավարտին ընդդիմադիր պատգամավորի պարզած սպիտակ կիսամաշ կտորը բուռնարձագանք առաջացրեց իշխանականների մոտ։ Վահագն Ալեքսանյանն անգամ «փոքրիկ ալբանական դուրսպրծուկ» արտահայտությունն օգտագործեց։


Երևանի պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ «մնում են ամբողջությամբ ուժի մեջ»
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG