Ռուսաստանը ցանկանում էր մինչև մայիսի 9-ը գրավել Ուկրաինայի ամբողջ արևելքն ու հարավը, նրանց դա չհաջողվեց, «Ազատության» հետ զրույցում ասաց Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը՝ շեշտելով՝ Ռուսաստանն ուզում էր գրավել Մարիուպոլը, որն այնտեղ պաշտպանվում է մեկ ստորաբաժանման՝ «Ազովի» գումարտակի գլխավորությամբ, դա էլ չեն կարողանում անել։
Ավակովի խոսքով՝ Պուտինի բանակն այս պահին գտնվում է լիակատար պարտության եզրին։
Ավակովի խոսքով՝ իրենց համար միևնույն է, թե ինչ է Պուտինը հայտարարելու՝ շեշտելով՝ «պատերազմն արդեն ողջ թափով ընթանում է» և նույնիսկ «Պուտինի մոբիլիզացիան մեծ դեր չի խաղում»։
«Այո՛, Ռուսաստանը հսկայական երկիր է՝ 140 միլիոն բնակչությամբ, և տեսականորեն նրանք կարող են մեծ թվով մարդկանց զորակոչել։ Բայց ես տեսնում եմ, թե ինչով են Ուկրաինայում այժմ կռվում, ինչպես նրանք են ասում, աշխարհի ամենահզոր բանակի զինվորները: Բանակի ամենավատ ապահովումներից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա սաղավարտներով, շատերն առանց զրահաբաճկոնների և այլն», - ասաց Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարարը՝ շեշտելով՝ Ռուսաստանն ի վիճակի չէ որևէ պատրաստված ուժեր արագ զինելու:
400-500 հազար մարդու կարող են զորակոչել, բայց ապահովելու, զինելու, պատրաստելու համար ժամանակ է պետք, որը չունեն, ասաց Ավակովն ընդգծելով՝ հետևաբար Պուտինի բանակն այս պահին գտնվում է լիակատար պարտության եզրին։
«Երկու-երեք շաբաթ առաջ նրանք հայտարարեցին արևելքում տոտալ գերհարձակման մասին։ Եվ դրանից հետո, հիմա արդեն երկու շաբաթ է անցել, և գերհարձակման արդյունքում նրանք առաջ են եկել երկու, երեք, հինգ կիլոմետր, իսկ տեղ-տեղ, ընդհակառակը, մենք նրանց հետ ենք մղել։ Նրանք առաջ գնալու հնարավորություն չունեն», - ասաց Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարարը։
Ավակովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․