Մատչելիության հղումներ

Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում․ Մեծ յոթնյակի առաջնորդներ


Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսը, 8-ը մայիսի, 2022թ․
Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսը, 8-ը մայիսի, 2022թ․

Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում, կրկին հայտարարում են Մեծ յոթնյակի առաջնորդները։

«Նախագահ Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Մենք պետք է դա անենք հանուն բոլոր նրանց հիշատակի, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել են ազատության համար, հանուն Ուկրաինայի և Եվրոպայի ժողովրդի», - նշված է Սպիտակ տան կայքէջում հրապարակված հայտարարությունում։

Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել և Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցությունը մեծացնելու մասին հայտարարություն ընդունել։

Տեսակոնֆերանսին մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում կողքին նստած էր Կիև ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Զելենսկին նորից հայտարարել է սեփական երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականության մասին։ Կիևի վերջնական նպատակը, նրա խոսքով, Ռուսաստանի ռազմական ուժերի և տեխնիկայի դուրսբերումն է Ուկրաինայի ամբողջ տարածքից և ապագայում երկրի անվտանգության ապահովումը։
Մեծ յոթնյակի առաջնորդները, իրենց հերթին, կրկին պնդել են, որ պատրաստակամ են Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու հարցում։

Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունում նշված է նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտի տարեդարձին, և դրա մասնակիցները հարգում են միլիոնավոր զոհերի հիշատակն ու հարգանքի տուրք մատուցում ֆաշիզմին հաղթած դաշնակից երկրներին, այդ թվում՝ Սովետական Միությանը։

«77 տարի անց նախագահ Պուտինն ու նրա ռեժիմը որոշեցին ներխուժել Ուկրաինա՝ չհրահրված ագրեսիա սկսելով ինքնիշխան երկրի դեմ։ Պուտինի գործողություններն անարգանք է Ռուսաստանի և նրա ժողովրդի պատմական զոհաբերություններին», - ասված է հայտարարությունում։

Աշխարհի ամենազարգացած երկրները ևս մեկ անգամ հայտարարում են նաև, որ կգործադրեն բոլոր ջանքերը «նախագահ Պուտինին, ինչպես նաև այս ագրեսիայի կազմակերպիչներին ու մեղսակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու համար»։

Հանդիպման մասնակիցները նաև հայտարարեցին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ներառյալ նախագահ Պուտինին աջակցող ֆինանսական էլիտայի և նրա ընտանիքի անդամների դեմ արշավի շարունակությունն ու ուժեղացումը, ինչպես նաև ռուսական նավթի ներկրման աստիճանական արգելքը։


XS
SM
MD
LG