Մատչելիության հղումներ

Հայաստանում ամենամեծ խնդիրը ԶԼՄ-ների կախվածությունն է քաղաքական ու բիզնես շրջանակներից. Բորիս Նավասարդյան


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան

Մամուլի ազատության օրը Փայլակ Ֆահրադյանը հիշում է, թե նախորդ տարիների ընթացքում քանի անգամ են խախտվել լրագրողի իր իրավունքները։ Անցած տարի, երբ նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հարվածել էր նրան, քննությունը հետևանք չէր ունեցել՝ մի քանի ամիս անց իրավապահները կարճել էին քրեական գործը։

Համացանցում տարածված տեսանյութում երևում էր, որ լրագրողին հարվածելուց բացի, նախարարը նաև նրա համակարգիչն է կոտրում։ Իրավապահները, սակայն, հանցակազմ չէին տեսել։

«Հայաստանում, այո, անպատժելիություն է հատկապես այն անձնանց կողմից, ովքեր վայելում են օրվա իշխանության հովանավորչությունը, գիտեն, որ ինչ էլ անեն, իրենք չեն պատժվելու, որովհետև մաս են կազմում քաղաքական թիմին, որովհետև Ոստիկանության պետն է միգուցե հովանավորում։ Միգուցե Ոստիկանության պե՞տն է ասել՝ գնացեք և ինչ ձևով ուզու եք ճանապարհը բացեք, դա լրագրող է, չնայեք, դա պատգամավոր է և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆահրադյանը։

Նա նաև նախորդ դեպքերն է հիշում. տուժել էր նաև 2015-ի «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ. - «Որևիցե մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության»։

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, տեղեկատվության ազատության իրավունքը իրացնելիս խնդիրներ են առաջանում», - ասում է «Հետք»-ի հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը։

Նա մամուլի ազատության օրը մեկ այլ խնդիր է բարձրաձայնում՝ պետական գերատեսչությունների մեծ մասը լրագրողների գրավոր հարցումներին կա՛մ հրաժարվում են պատասխանել, կա՛մ ոչ ամբողջական տեղեկատվություն են տալիս. - «Հիմա, օրինակ, Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհ է կառուցվում։ Ո՞վ է կառուցում... մենք ադրբեջանական լրատվամիջոցներից ենք իմանում, որ կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Էդտեղ հարյուր հազար բնակչություն ա, ճանապարհ ա փոխվում։ Էդ ինֆորմացիան... հնարավոր չի գրավոր դրա պատասխանը ստանալ»։

Տեղեկատվություն ստանալու իրավունքը պաշտպանելու համար «Հետքը» դատի է տվել տարբեր գերատեսչությունների։ Անգամ կան գործեր, որոնք 2019 թվականից մինչև օրս դատաքննության փուլում են, ուստի նույնիսկ հաջողելու դեպքում հաճախ ինֆորմացիան այլևս հնացած է լինում. - «Դրանով տուժում է և լրագրողի աշխատանքը։ Բայց առաջին հերթին տուժում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Եթե կարևոր իրադարձություն է տեղի ունենում, դրա հետ կապված բանավոր տարբերակով, որը որ տեղեկատվության ազատության իրավունքի իրացման մի ձև է, փորձում ես ստանալ, և ասում են, որ բանավոր չէ, գրավոր, գրավորի համար էլ լրացուցիչ ժամանակ են ուզում, անցնում է 30 օր, էդ թեմայի հետ կապված արդիականությունը լրիվ կորում է»։

Այսօր Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության 2022 թվականի զեկույցը։ 180 երկրների ու տարածքների շարքում Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքերը՝ 63-րդից հասնելով 51-րդ հորիզոնականին։

Զեկույցում միաժամանակ նշվում է, որ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: «Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, ինչը մասնավորապես կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի հետ», - ասված է զեկույցում։

«Ամբողջ աշխարհում վարկանիշները մամուլի ազատության անկում են ապրում։ Եվ այդ համատեքստում Հայաստանի վիճակը այդքան էլ վատ չէ, որովնետև մեզ մոտ էլ գոնե վերջին երկու տարիների ընթացքում ակնհայտ հետընթաց կա։ Սակայն ընդհանուր ֆոնի վրա Հայաստանը բավականին լավ տեսք ունի, - ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նա մեկ այլ խնդիր է նշում՝ լրատվամիջոցները չեն կարողանում միայն գովազդային մուտքերից սեփական եկամուտն ապահովել. - «Լուրջ կաշկանդող հանդամանք է մնում նրանց կանխվածությունը տարբեր քաղաքական ու բիզնես շրջանակներից։ Եվ օբյեկտիվորեն ունենալով խոսքի ազատության իրավունքը՝ նրանք չեն կարողանում այն օգտագործել, քանի որ ունեն հստակ պատվերներ, թե ինչ և ինչպես պետք է լուսաբանեն։ Դա երևի ամենամեծ խնդիրն է Հայաստանում»։

Նավասարդյանն ընդգծում է նաև, որ Հայաստանում օրենսդրությամբ և այլ կարգավորումներով, օրինակ Ազգային ժողովում, սահմանափակվում է լրագրողների աշխատանքը։ Հեղինակավոր Freedom House-ի վերջին զեկույցում էլ նշվում է, որ Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի անկախության ցուցանիշում։ Վիրավորանքի և զրպարտության հոդվածում սահմանված տուգանքների բարձրացումն, ինչպես նաև ծանր վիրավորանքի քրեականացումը դիտարկվել են որպես անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG