Մատչելիության հղումներ

Ամբողջ լրագրողական համայնքը, կազմակերպությունները տհաճորեն զարմացել են. Շուշան Դոյդոյան


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն իր զարմանքն է արտահայտում Սահմանադրական դատարանի վերջին որոշման կապակցությամբ. - «Շարունակում ենք բացասական, բուռն արձագանքել։ Ամբողջ լրագրողական համայնքը, կազմակերպությունները տհաճորեն զարմացել են»։

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 9-ին վճռեց, որ Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։

Խոսքը այն ժամանակ խորհրդարանի փոխնախագահ, այժմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի մասին է, որով վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքները եռապատկվեցին՝ հասնելով մինչև 3 և 6 միլիոն դրամի։

Տուգանքների խստացումը, ըստ իշխող կուսակցության, կարող է զսպող գործիք լինել ներկայիս պայմաններում, երբ հատկապես սոցցանցերում շատ է տարածված ոչ հավաստի ու չստուգված տեղեկատվության տարածումը, ինչը իրենց հերթին ակտիվորեն շրջանառում են բազմաթիվ լրատվամիջոցներ։

Նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել խորհրդարանի ընդունած ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագիծն`այն ուղարկելով Սահմանադրական դատարան: Սարգսյանը հայտարարել էր, որ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։

Շուշան Դոյդոյան
Շուշան Դոյդոյան

«Այն, ինչի մասին խոսում էր ՍԴ-ն 2011-ին կայացրած իր որոշման մեջ, որ դատարանները պետք է հաշվի առնեն զրպարտության, վիրավորանքի գործերով, թե որքանով համաչափ է լրատվամիջոցի ֆինանսական կայունությունը, կարողությունները, լրատվամիջոցի վրա դրվող ֆինանսական բեռը, փոխհատուցման չափերը։ Մինչդեռ այս որոշման մեջ որևէ խոսք անգամ չկա ազատ արտահայտվելու իրավունքի մասին, լրատվամիջոցների ազատության կարևորության մասին ժողովրդավարական երկրում։ Ընդհանրապես ինչ-որ մի հատ տեխնիկական, խիստ տեխնիկական փաստաթուղթ է կազմվել», - ասում է Դոյդոյանը։

Նա ընդգծում է՝ փակ դռների հետևում մշակված հերթական այս նախագիծը չի քննարկվել մասնագետների հետ, լրագրողական կազմակերպությունների կողմից ամիսներ շարունակ հնչեցվող ահազանգերն անտեսվել են. - «Այս բարձր փոխհատուցման չափերը լրատվամիջոցին ուղղակի կարող են կանգնեցնել փակման վտանգի առջև։ Եվ ոչ միայն լրատվամիջոցները, այլև քաղաքական ակտիվիստները, մարդիկ, ովքեր առողջ քննադատությամբ են հանդես գալիս։ Չմոռանանք, որ շատ հաճախ պաշտոնյաները իրենց հասցեին ուղղված հասարակ քննադատությունը, առողջ և բովանդակային քննադատությունը դիտում են որպես զրպարտություն և վիրավորանք և անմիջապես շտապում հաշվեհարդար տեսնել, պատին դեմ տալ լրատվամիջոցներին։ Եվ ահա այս փոփոխությունները շատ լավ միջոց են նաև նրանց այս անհեթեթ, անհիմն ցանկությունները իրականություն դարձնելու»։

Ավելի վաղ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին կոչ էր արել չեղարկել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը՝ շեշտելով, թե «ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կարող են սահմանափակել խոսքի ազատությունը»:


Սահմանադրական դատարանի որոշումից հետո այսօր ևս մեկ անգամ հայտարարությամբ հանդես եկան 10-ից ավելի լրագրողական կազմակերպություններ։ Ազգային ժողովից պահանջում են «չեղարկել միջազգային նորմերին հակասող օրենքները և հրաժարվել շրջանառության մեջ գտնվող նմանատիպ նախագծերի ընդունումից»։

Կազմակերպությունները նաև դիմել են Հանրապետության նախագահին, Սահմանադրական դատարանին ու բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի նպաստեն ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու գործընթացին։

Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյան

Խորհրդային տարիների այլախող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը օրենքը քննատողներից մեկն է։ Նրա կարծիքով, այն ավելի շատ միտված է իշխանություններին ուղղված քննադատության ճանապարհը փակելուն. - «Իշխանավորները հնարավորություն են ունենալու սուր քննադատությունը դիտարկել որպես զրպարտություն, հայհոյանք, դիմել դատարաններ և փորձել լռեցնել։ Ինչո՞ւ նրանք այդ օրենքի մասին չէին մտածում օրինակ 2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո։ Որովհետև նրանք 2018-ից անմիջապես հետո բոլորովին այլ իշխանություն էին, այլ կարգի պետական և քաղաքական գործիչներ էին, այլ կերպ էր հանրությունը նրանց ընդունում։ Պատերազմից հետո նրանց այլ կերպ են ընդունում, այլ կարգի հանրային գործիչներ են նույն այդ մարդիկ հիմա դարձել, և նրանց գլխում ծագում է միտք՝ խստացնել այդ օրենքը»։

Իշխանականները մինչդեռ հակադարձում են, թե այս քայլը չի սպառնում բարեխիղճ լրատվամիջոցներին, իսկ վիրավորանք ու զրպարտություն տարածողները պետք է փոխհատուցեն դրա համար։

XS
SM
MD
LG