Հեղինակավոր «Freedom House»-ի նոր՝ «Ազգերն անցումային շրջանում» զեկույցի համաձայն՝ Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար կառավարման ձևից անցում է կատարել հիբրիդայինի։ Զեկույցի հեղինակները ընդգծել են՝ պետությունը քայլեր է ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, բայց դա ևս չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին։
Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանն ասում է`այս երկրները, որոնք անցում են կատարել հիբրիդային կառավարման ձևի, առավել խոստումնալից են, իսկ Հայաստանի ցուցանիշի դրական փոփոխության համար հիմք են դարձել նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը և հատկապես 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Սրա շնորհիվ նաև Հայաստանում մի փոքր կարգավորվեց այն քաղաքական ճգնաժամը, որ ստեղծվել էր 2020 թվականին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքով, և այդտեղ ևս Հայաստանն առաջընթաց է գրանցել «Ազգային ժողովրդավարական կառավարում» կատեգորիայում», - ասաց Շիրինյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը միջազգային կազմակերպության լավատեսությունը չի կիսում։ Պնդում է, թե արտասահմանյան գործընկերները երբեմն երկակի ստանդարտներ են կիրառում. «Ես զարմանում եմ՝ ինչպես է ստացվում, որ նման հեղինակավոր կազմակերպությունները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնիսկ չեն նկատում, օրինակ, այդ հարյուր հազարավոր չաշխատող անձնագրերի երևույթը, որևէ կերպ չեն նկատում, ենթադրենք, ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող անձանց ընտրական ցուցակի ուռճացված լինելը»։
Սաքունցն իշխանության քայլերը ոչ բավարար է գնահատում
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զեկույցը բավականին օբյեկտիվ է համարում։ Ցավում է, որ Հայաստանին այդպես էլ չի հաջողվել դառնալ ժողովրդավարական պետություն։ Իսկ այս ճանապարհին իշխանության քայլերը իրավապաշտպանը ոչ բավարար է գնահատում։
«Ես տեմպերը դանդաղ եմ գնահատում, որովհետև մենք ինքներս լուրջ ճանապարհային քարտեզ էինք առաջարկել Հայաստանում ժողովրդավարության վերականգնման վերաբերյալ՝ համակարգային փոփոխությունների իրականացման, դատական համակարգի զտման, անցյալին քաղաքական և իրավական գնահատական տալու առումով, այդ թվում՝ փաստահավաք կամ ճշմարտության հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, և գտնում ենք, որ իհարկե, կարող էր և պետք է արվեր ավելին, քան արվում է», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։
Զեկույցում նաև նշում է, որ Հայաստանը հետընթաց է գրանցել անկախ մամուլի ցուցանիշում։ Վիրավորանքի և զրպարտության հոդվածում սահմանված տուգանքների բարձրացումն, ինչպես նաև ծանր վիրավորանքի քրեականացումը դիտարկվել են որպես անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլեր։
«Freedom House»-ի զեկույցն իր դրական և բացասական կողմերով, որոնց հետ համաձայն եմ կամ համաձայն չեմ, արձանագրել է մի բան՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այ տենց են գրել մեջը, այսինքն՝ այս իշխանությունները հերթական անգամ խաբում են, ասում են՝ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, բայց այ «Freedom House»-ը, որին իրենք մշտապես հղում են տվել, երբ ընդդիմություն էին իրենք։ Շատ հետաքրքիր է։ Հիմա ասում են, որ իրենք ճիշտ չեն ասում, խաբում են, ազնիվ չեն»։
Իշխանական պատգամավորներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, շատերն ասում էին, որ ծանոթ չեն զեկույցին։ Ոմանք էլ ֆեյսբուքյան գրառումներով են անդրադարձել Հայաստանի գրանցած առաջընթացին՝ շեշտելով ժողովրդավարության վարկանիշում 3.04 միավորի հանգամանքը՝ նախորդ տարվա 2.96 -ի փոխարեն և շրջանցել խնդրահարույց կետերը։
«Հայաստանում ժողովրդավարական կառավարումը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն այլընտրանք չունեն», - գրել է «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։
Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետություններին, Բելառուսին, Ռուսաստանին ու Ադրբեջանին։ Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ժողովրդավարության մակարդակը գնահատող զեկույցում լավագույն ցուցանիշն ունի Էստոնիան, վատագույնը՝ Թուրքմենստանը։