Մատչելիության հղումներ

Բլինքենն ու Օսթինը Զելենսկուն խոստացել են ավելացնել ռազմական աջակցությունը Ուկրաինային


Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարն ու պաշտպանության նախարարը անցած կիրակի այցելել են Կիև ու բանակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռուսաստանի ներխուժումից հետո նրանք ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են, որ այցելեցին Ուկրաինա։

Պետքարտուղարի և Պենտագոնի ղեկավարի այցի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այսօր առավոտյան, երբ նրանք արդեն հեռացել էին Ուկրաինայի տարածքից։

Նրանք մեկնաբանությամբ հանդես են եկել Վարշավայում։ Էնթոնի Բլինքենն ասել է, որ այցի գլխավոր նպատակն էր ցուցադրել ԱՄՆ-ի բարձր մակարդակի աջակցությունը Ուկրաինայի իշխանություններին և ժողովրդին։ Նա ասել է, որ պատերազմում Ռուսաստանն արդեն ձախողվել է, չի հասել իր հիմնական նպատակներին, իսկ Ուկրաինան արդեն հաջողությունների է հասել, որովհետև նախագահ Պուտինը, իր իսկ խոսքերով՝ ցանկանում էր Ուկրաինան ամբողջությամբ վերադարձնել Ռուսաստանին, խլել նրա ինքնիշխանությունն ու անկախությունը, իսկ դա տեղի չի ունեցել և հստակ է, որ չի էլ լինի։

«Մենք չգիտենք ինչպես կզարգանա այս պատերազմի մնացած մասը, բայց մենք գիտենք, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան շատ ավելի երկար կլինի, քան Վլադիմիր Պուտինը ասպարեզում»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։

Այս շաբաթվա ընթացքում կվերադառնան Կիևից հեռացած ամերիկացի դիվանագետները

Նա նաև հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում Կիև կվերադառնան ամերիկացի դիվանագետները, որոնք հեռացել էին փետրվարին։ ԱՄՆ-ի նախագահը Ուկրաինայում նոր դեսպան է նշանակելու։ Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու է առաջադրել Բրիջիթ Բրինքին, Սլովակիայում ԱՄՆ-ի ներկայիս դեսպանին։

Ուկրաինայի այցից հետո Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ուկրաինական ուժերը կարող են հաղթանակի հասնել, եթե ճիշտ սպառազինություն և աջակցություն ունենան։

«Նրանք հեռահար կրակի միջոցների կարիք ունեն։ Դուք լսել եք, նրանք արտահայտվում են տանկերի անհրաժեշտության մասին, և մենք հնարավորինս անում ենք աջակցելու նրանց հրետանու և զինամթերքի տեսակներով, որոնք արդյունավետ կլինեն պայքարի այս փուլում»,- ասել է Լլոյդ Օսթինը։

Սպառազինությունների մասին

Բլինքենն ու Օսթինը հայտնել են ԱՄՆ-ի կողմից դաշնակից և գործընկեր 15 երկրներին 713 միլիոն դոլարի արտաքին ռազմական ֆինանսավորում տրամադրելու մասին, որից 322 միլիոնը հասնում է Ուկրաինային։ Վերջերս ԱՄՆ-ն ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին։

Այդ կապակցությամբ Ռուսաստանը պաշտոնական բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, թե Վաշինգտոնը 800 միլիոն դոլարի սպառազինություն է տրամադրում Կիևին։ «Դա ահռելի թիվ է, այն չի նպաստում փնտրելու դիվանագիտական լուծումներ՝ իրավիճակը կարգավորելու համար», - նշել է Ռուսաստանի դեսպանը։

Ընթացիկ մարտական գործողությունների մասին

Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերը շարունակում են գրոհները, ձգտելով գրավել Դոնբասի ողջ տարածաշրջանը։ Միաժամանակ շարունակվում է Ուկրաինայի այլ շրջանների ու քաղաքների հրթիռակոծումն ու հրետակոծումը։

Ուկրաինայի երկաթուղու պետ Ալեքսանդր Կամիշինը Տելեգրամի իր էջում այսօր գրել է, որ առավոտյան ռուսական ուժերը հարվածել են երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում գտնվող երկաթուղային 5 կայարանների։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավարն այսօր ասել է, թե ամբողջ մարզն այլևս էլեկտրամատակարարում չունի։ Ռուսական ուժերը հարվածել են Կրեմենայա քաղաքի էլեկտրամատակարարման ենթակայանին։

Ռուսաստանի տարածքում ևս միջադեպ է տեղի ունեցել։ Անցած գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի «Տրանսնևթ-Բրյանսկ-Դրուժբա» նավթաբազայում։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ տուժածներ չկան։ Բրյանսկը գտնվում է Ուկրաինայի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Հրդեհի պատճառը այս պահին պարզված չէ։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամենօրյա ամփոփագրերն են ներկայացրել վերջին մեկ օրվա մարտական գործողությունների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ անցած գիշերը օդուժը հարվածել է Ուկրաինայի 56 ռազմական օբյեկտների։

Եթե հավատանք Կոնաշենկովի ամենօրյա հաղորդագրություններին, եթե գումարենք պատերազմի սկզբից ի վեր յուրաքանչյուր օր նրա հայտնած տվյալները, ապա կստացվի, որ Ուկրաինայում արդեն ոչնչացվել է ավելի քան վեց հազար ռազմական օբյեկտ։

Պատերազմական գործողությունների պայմաններում թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG