Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը այցելեց բարեկամական Ուկրաինա։
Բացի խորհրդարանական պատվիրակությունից, անցած օրերին Ուկրաինա էին մեկնել նաև Վրաստանի չորրորդ նախագահը, ինչպես նաև «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները։
«Ամեն ինչ վերջապես հստակեցվեց», - Ուկրաինա կատարած այցի ավարտին հայտարարել է վրացական պատվիրակությունը գլխավորող խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը լուսանկար է հրապարակել որում ինքն ու ուկրաինացի պաշտոնակից Ռուսլանդ Ստեֆանչուկն են։ Երկու պաշտոնյաները անցած շաբաթներին սոցիալական ցանցերում հրապարակային բանավեճերի մեջ էին Կիևի և Թբիլիսիի միջև ծագած խնդիրների շուրջ։
«Մենք այստեղ ենք մեր ցավակցությունները հայտնելու մարդկանց։ Հնարավոր չէ բառերով փոխանցել այն տեսարանը, որը մենք տեսել ենք Բուչայում, Իրպենում, Բորոդյանկայում, Կրամատորսկում։ Ամբողջ աշխարհը գիտի այդ վայրագությունների մասին։ Վրաստանը նույնպես հիշում է Բուչայի պես պատմությունները, որոնք տեղի են ունեցել 90-ականների և 2008 թվականների պատերազմներին։ Մեր քաղաքները նույնպես ռմբակոծվել են, դրա համար էլ մենք ամեն ինչ շատ լավ հասկանում ենք»,- հայտարարել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը։
Պապուաշվիլին վստահեցրել է՝ Վրաստանը հաստատակամ է դաշնակիցների աջակցության հարցում։ «Մենք հստակ հասկանում ենք, թե որտեղ ենք՝ որ կողմում, և հստակ գիտակցում ենք, որ նույն կողմում ենք Ուկրաինայի, Եվրամիության, ամբողջ աշխարհի հետ… Կօգնի՞ Վրաստանը Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, կամ կաջակցի՞ պատժամիջոցներին, Վրաստանը ոչ մի կերպ չի օգնի Ռուսաստանին»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում ուկրաինական Ռադայի մամլո ծառայությունը։
Այցի ավարտին Պապուաշվիլին պարզաբանել է՝ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ դրանք ռուսական տնտեսության վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող։
Ռուսաստանի ռազմական ներխուժման ֆոնին Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները կտրուկ սրվել էին այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։
Հիշեցնենք՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անգամ Ռուսաստանը Վրաստանի խոշոր առևտրային գործընկերներից է։ Անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել էր մեկ միլիարդ դոլարի` դրան նախորդած տարվա համեմատ այդ թիվն աճել էր ավելի քան քսան տոկոսով։ Ընդ որում, չնայած երկու երկրների միջև քաղաքական թշնամությանը, Վրաստանը Ռուսաստանից է ներմուծում պահանջվող ալյուրի 94 տոկոսը:
Վրացական իշխանությունները փետրվարի 24-ից ի վեր փորձում են նաև կանխել վրաց կամավորականների խմբերի Ուկրաինա մեկնումը։ Ի պատասխան՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից մի քանի օր անց հետ կանչեց Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին՝ վրացական իշխանություններին քննադատելով Կիևին բավարար աջակցություն չցուցաբերելու համար։
Կողմերի միջև տարաձայնություններն էլ ավելի խորացան, երբ պաշտոնական Կիևը, առանց փաստեր ներկայացնելու, հայտարարեց, թե պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքներ, այդ թվում՝ ռազմական նշանակության ապրանքատեսակներ, երրորդ երկրներից Ռուսաստան են տեղափոխվում Վրաստանի տարածքով։
Վրաստանի պաշտոնական պատվիրակությանը զուգահեռ Ուկրաինա են մեկնել նաև երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչները։ Կուսակցության նախագահ Նիկա Մելիան շեշտել է՝ Ուկրաինայում իրենք ներկայացնում են ոչ թե ընդդիմությանը, այլ վրաց ժողովրդին։
Ի դեպ, ազատազրկման դատապարտված Վրաստանի նախկին նախագահի՝ Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած ուժի ներկայացուցիչները Ուկրաինա են մեկնել իշխանությունների աղմկահարույց հայտարարությունների ֆոնին։
Իշխող մեծամասնության ներկայացուցիչ Գիա Վոլսկին էր անցած շաբաթ հայտարարել, թե Սաակաշվիլիի կուսակիցները մաս չեն կազմի Ուկրաինա մեկնող խորհրդարանական պատվիրակությանը, քանի որ ընդդիմադիր ուժը այցի ընթացքում «սադրանք» էր ծրագրում։
Ոչ Վոլսկին, ոչ էլ Վրաստանի իրավապահ մարմինները մանրամասներ չեն հայտնում։ Միայն հաղորդվել է, որ քրեական գործ է հարուցվել պետական, քաղաքական գործչի կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգության մեղադրանքով։ Գործում ներգրավված անձանց շրջանակը նույնպես հայտնի չէ։
Քրեական գործի մանրամասները հրաժարվեց պարզաբանել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ինձ հետաքրքիր չէ, թե ով, որտեղ է գնացել , «Ազգային շարժման» սադրիչներից ով, ինչ է ասում և անում, այդ ամեն ինձ չի հետաքրքրում։ Ես պետք է մեր ժողովրդի հետ խոսեմ այն հարցերի մասին, որոնք մեզ են հետաքրքրում, իսկ պատերազմի կուսակցությանը ես ցանկանում եմ ասել հետևյալը՝ երկրորդ ճակատ մեր երկրում չի լինի»։