Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն, այսօր կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ հղում անելով մոսկովյան վերջին այցի ժամանակ իր և Վլադիմիր Պուտինի ստորագրված հայտարարության տեքստին։ Ըստ նիկոլ Փաշինյանի, դա այցի հիմնական արդյունքներից մեկն էր:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծում էր՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով: Եվ եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն», - նշեց վարչապետը:

30 կետանոց փաստաթղթի 24 -րդ կետում՝ հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման կողքին էին կողմերը հաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

Քաղաքագետ Արման Գրիգորյանը սա թռուցիկ անդրադարձ է որակում։

«Եթե նայում եք այդ փաստաթղթին, ընդհանուր տպավորությունն այն է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը արցախյան բանակցություններում, հայ-ադրբեջանական հակամարտության բանակցություններում մի տեսակ դուրս էր Մինսկի խմբի ֆորմատից ու չէր ենթադրում Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կոորդինացում և համագործակցում», - ասաց Գրիգորյանը:

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ նախօրեին հայտարարել էր, թե Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներից աշխատանքի վերսկսման ազդանշաններ չի ստացել, ապա շարունակել էր, թե Բրյուսելը անամոթաբար փորձում է յուրացնել ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման։

Կա՞ Մինսկի խմբի անդամ երկրների միջև արդյոք միջնորդական դեր ստանձնելու պայքար և դա ինչպե՞ս կանդրադառնա բանակցությունների վրա, հետաքրքրվեցինք իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանից: «Ես չգիտեմ պետությունները և ֆորմատները միմյանց միջև մրցակցություն տեսնում են, թե չէ, բայց մեր տեսանկյունից շատ լավ է, որ բոլորը շահագրգռված են, և մենք պատրաստ ենք բոլորի հետ գործակցել, եթե դա նպաստում է խաղաղության գործընթացին տարածաշրջանում», - պատասխանեց Խանդանյանը:

«Ազատության» հարցին՝ Արևմուտքի և Ռուսաստանի տեսլականը խնդրի լուծման առումով, շեշտադրումների առումով տարբերվո՞ւմ են, թե ոչ, պատգամավորը պատասխանեց. Ես կարծում եմ՝ հայտարարությունների մակարդակով և այն գործընթացների մակարդակով, որոնք տեղի են ունենում, այնքան էլ չեն տարբերվում: Գուցե կան դետալների, ժամկետների և այլ պատկերացումների տարբերություններ, բայց դա ավելի ակնբախ կդառնա, երբ որ խաղաղության բանակցությունների շուրջ բուն բանակցային գործընթացը սկսվի»:

Քաղաքագետ Արման Գրիգորյանը նշաններ է տեսնում, որ ղարաբաղյան և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը որոշակիորեն տարբեր տեսակետներ ունեն։ Մասնավորապես՝ Ռուսաստանի մոտեցումը, ըստ Գրիգորյանի, ենթադրում է առկախել Արցախի կարգավիճակի լուծման հարցը։

«Իմ մոտ տպավորություն կա, որ Արևմուտքում ավելի շատ հակված են, այսպես ասած, փաթեթով հարցը լուծելուն, կարգավիճակի հարցը նաև լուծելուն են հակված, իսկ Ռուսաստանի մոտեցումն ավելի շատ փուլային տարբերակի վրա է կենտրոնացած, որ կարգավիճակի հարցին պետք է անդրադառնալ հետագայում՝ նորմալացման գործընթացից հետո, ոչ թե նորմալացման գործընթացը պատանդ դարձնել դրան», - ասաց քաղաքագետը:

Պաշտոնական Երևանը Մինսկի խմբի անդամ երկրների միջև մոտեցումների տարբերության մասին չի խոսում։ Ընդունում են՝ Ուկրաինական իրադարձությունները խիստ դժվարացրել են եռանախագահության գործունեությունը, բայց լավատեսություն են, որ այս պայմաններում անգամ համանախագահները թեկուզ առանձին -առանձին այցելում են տարածաշրջան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG