Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, հաղորդում է Արտգործնախարարությունը` հավելելով, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը: