Մարտի 1-ի չբացահայտված գործից մինչև խորհրդարանական ծեծկռտուքներ, Փաշինյանի «պողպատյա մանդատի» մասին հայտարարությունից մինչև Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների աշխատանքը սահմանափակելու հրահանգներ․ այս ամենը տեղ է գտել ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին տարեկան զեկույցում։
Ծավալուն փաստաթղթում ամերիկյան Պետքարտուղարությունն անդրադառնում է անցած տարվա աղաղակող իրավախախտումներին՝ բանակում, խորհրդարանում, ընտրությունների ընթացքում։
Զեկույցի հեղինակների աչքից չեն վրիպել իշխող թիմի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ Հակոբ Արշակյանի, Հայկ Սարգսյանի ոտնձգությունները լրագրողների նկատմամբ, Ալեն Սիմոնյանի հրահանգները՝ լրագրողների աշխատանքը սահմանափակելու նպատակով։
Բռնություններ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ
Զեկույցի հեղինակները վկայակոչում են հայաստանյան լրագրողական կազմակերպության տվյալները՝ մեկ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 18 դեպք, որից 6-ը՝ պետական պաշտոնյաների կողմից։ Մինչդեռ, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ու օպերատորը հարձակման են ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր հանրահավաքի ընթացքում ցուցարարների կողմից։ Ինչպես այս, այնպես էլ պետական պաշտոնյաների կողմից հարձակման զոհ դարձած այլ լրագրողների գործերով իրավապահները գնահատականներ չեն տվել՝ որպես պատճառ բերելով իրավական հիմքերի բացակայությունը։
Նույն պատճառաբանությամբ դատարան չի հասել նախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբ Արշակյանի մասնակցությամբ միջադեպը։ Լրագրողը երևանյան ռեստորաններից մեկում մոտեցել էր նախարարին ու կնոջը և հարցրել, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամին նա ռեստորանում։ Անվտանգության տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես է երկխոսությունից հետո լրագրողը հեռանում, քիչ անց, սակայն, նույն ռեստորանում նրան է մոտենում նախարարն ու հարվածներ հասցնում լրագրողին, հետո՝ նրա համակարգչին։ Դեպքից հետո Արշակյանը հրաժարական է տվել, ամիսներ անց դարձել խորհրդարանի փոխխոսնակ։
Իրավապահները որոշել են քրեական հետապնդում չիրականացնել նաև Արշակյանի թիմակից պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ, որը «Հրապարակ» օրաթերթի թղթակցի սմարթֆոնն էր խլել, երբ լրագրողը փորձել էր հարց տալ նրան։
Փոխարենը, ինչպես նկատում են զեկույցի հեղինակները, իշխանություները խստացրել են զրպարտության, ծանր վիրավորանքի մասին օրենսդրությունը՝ կտրուկ բարձրացնելով որպես պատիժ նախատեսված առավելագույն տուգանքը, զգալիորեն սահմանափակել են խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատանքը։
«Դեկտեմբերի 12-ի դրությամբ իրավապահ մարմինները 166 քրեական հետաքննություն են սկսել նոր օրենքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Սեպտեմբերի 23-ին զանգվածային լրատվամիջոցները հայտնեցին, որ ոստիկանությունը նոր օրենքով առաջին քրեական գործն է հարուցել՝ Facebook-ում վարչապետ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար», - նշված է զեկույցում։
Խորհրդարանում պատգամավորների միջև մեկը մյուսին հաջորդած ծեծկռտուքների ընթացքում, ինչպես նկատում է ամերիկյան Պետքարտուղարությունը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սահմանափակել է լրագրողների աշխատանքը՝ հրահանգել է դադարեցնել նիստի ուղիղ հեռարձակումը։ Սիմոնյանի նախաձեռնությամբ խորհրդարանում սահմանափակվել է նաև լրագրողների տեղաշարժը, փոփոխվել է խորհրդարանում աշխատող լրագրողների հավատարմագրման ընթացակարգը։
«Պողպատյա մանդատը» և ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները
Պետդեպարտամենտը հիշեցնում է վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը «պողպատե մանդատ» կիրառելու մտադրության մասին և նշում, որ ընդդիմության և իրավապաշտպանների կարծիքով՝ վարչապետի այդ հայտարարությունը նրա հակառակորդների դեմ էր ուղղված։ Ապա զեկույցի հեղինակները թվարկում են այդ հայտարարությանը հաջորդած՝ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները՝ Սյունիքի մարզում ընդդիմադիր չորս նախկին կամ ներկայիս քաղաքապետերի, Վանաձորի նախկին քաղաքապետի ձերբակալությունները։
«Ճնշումներ են եղել մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Գորիսում, Ջերմուկում, Մեղրիում, Տաթևում, Թալինում, Տեղում, Վանաձորում և Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից առաջ և հետո՝ ընդդիմության թեկնածուների նկատմամբ», - ասվում է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակները հիշեցնում են նաև Երևանի այժմ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթացի մասին։ «Ըստ տեղեկությունների՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամների վրա ճնշում է գործադրվել՝ քվեարկելու ի պաշտպանություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու անվստահության գործընթացի՝ իրենց պետական պաշտոնները կամ մանդատները կորցնելու սպառնալիքով», - ասված է զեկույցում։
Խորհրդարանական ընտրություններ՝ ազատ, բայց անհանդուրժողական հռետորաբանությամբ
Փաստաթղթում ԱՄՆ Պետքարտուղարությունը փաստում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, քվեարկությունը թափանցիկ էր, թեկնածուները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել, բայց կային նաև թերություններ։
Պետդեպարտամենտը վկայակոչում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գնահատականները․ ընտրությունները խիստ բևեռացված էին, քարոզարշավն ուղեկցվել է «կոշտ, անհանդուրժողական, բորբոքված և խտրական հռետորաբանությամբ, ինչը արատավորել է բանավեճը», եղել են նախընտրական միջոցառումներին մասնակցելու հարկադրանքի դեպքերի, ընտրակաշառքի մասին պնդումներ, վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահում, քարոզարշավի ֆինանսավորման ոչ համարժեք կանոնակարգերը և ընտրական բողոքներ ներկայացնելու սահմանափակ հնարավորություններ:
Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ձախողում
Փաստաթղթում առանձին անդրադարձ կա 10 մարդու մահվան պատճառ դարձած 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման տապալմանը։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այդ գործով գլխավոր ամբաստանյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, իսկ դրանից հետո դատարանն արդարացրել է ամբաստանյալներին։
«Իրավաբանական համայնքում շատերը կասկածի տակ դրեցին պաշտոնյաներին կոնկրետ ընտրված հոդվածով մեղադրանք առաջադրելու նախնական որոշումը», - շեշտում են զեկույցի հեղինակները և հիշեցնում այդ գործով երեք տարի տևած քննությունը, որն այդպես էլ չհասավ բուն գործի էությանը, ինչպես նշվում է՝ պաշտպանական կողմի մարտավարության պատճառով, «որը բազմաթիվ միջնորդություններ ու բողոքարկումներ էր ներկայացնում»։
Զոհեր բանակում՝ ոչ մարտական պայմաններում
Խնդրի վերաբերյալ, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, իրավապաշտպան համայնքը շարունակել է մտահոգություն հայտնել՝ մասնավորապես պնդելով, որ բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի վերաբերյալ արժանահավատ հետաքննություն իրավապահ մարմինների կողմից չի անցկացվում, բազմաթիվ դեպքերը որպես ինքնասպանություն որակելու պրակտիկան նվազեցնում է չարաշահումների բացահայտման և հետաքննության հավանականությունը:
Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության, այնպես էլ քննչական մարմնի կողմից:
«Ըստ իրավապաշտպան ՀԿ-ների՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի մասին, անկախ այն բանից՝ դասակարգված են որպես մարտական, թե ոչ մարտական, հանգեցրել է հանրային անվստահության այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ», - ասվում է փաստաթղթում։ Դրանում մեջբերված են հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պնդումներն առ այն, որ տարիներ շարունակ բանակում կարգապահական խնդիրների, անպատժելիության և կոռուպցիայի մասին ահազանգերը պատշաճ չեն քննվել։
«Իշխանությունները տարվա ընթացքում որևէ քայլ չձեռնարկեցին փաստահավաք հանձնաժողով ստեղծելու համար, որը կուսումնասիրի ոչ մարտական պայմաններում մահերը, մարդու իրավունքների այլ խախտումները. հանձնաժողովը նախատեսվում էր ստեղծել մինչև 2020 թվականը», - փաստում է զեկույցը։
Կոռուպցիայի դեմ պայքար
Անդրադառնալով տարիներ շարունակ միջազգային հանրության կողմից քննադատության ենթարկված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին, Պետքարտուղարությունը նշում է, որ Հայաստանը համակարգային կոռուպցիայի ժառանգություն ուներ բազմաթիվ ոլորտներում, մեղադրանքներ են հնչել պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մեջ պետական պաշտոնյաների ներգրավման մասին։
Զեկույցի հեղինակները շեշտում են, որ Փաշինյանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ շրջանակն ամրապնդելու համար՝ ներառյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, որը մի շարք գործեր է հարուցել, օրինակ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ավելի քան 4 միլիոն դոլարի գույքի օրինականացման և այլ հանցավոր արարքների համար, Հատուկ քննչական ծառայությունն էլ ձերբակալել է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանին, որն, ըստ իրավապահների, պետական պաշտոններ զբաղեցնելիս ապօրինի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, մոտ 2,6 միլիոն դոլարի փողերի լվացում է իրականացրել, ավելի քան 2 միլիոն դոլարի կաշառք ստացել, խարդախության միջոցով կալանավորել ավելի քան 1,5 միլիոն դոլարի գույք։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերանայել է նաև գործող դատավորների ունեցվածքի մասին հայտարարագրերը և իրավապահ մարմիններին փոխանցել այն տեղեկությունները, որոնք կարող են վկայել հանցագործության մասին: Արդյունքում հարուցվել է երեք կարգապահական, երեք վարչական և մեկ քրեական գործ։