Սիմոնյանը վիրավորանքի համար առաջարկում է գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։
Առաջին ընթերցմամբ նախագծի հեղինաը տուգանքի ավելի բարձր շեմ էր սահմանել՝ համապատասխանաբար մինչև 5 և 10 միլիոն դրամ։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ինֆլյացիայի աստիճանը, ինչպես նաև հաշվի առնելով այսօրվա ստեղծված իրավիճակը՝ ես համաձայնել եմ, և այս պահի դրությամբ օրենքը երկրորդ ընթերցմամբ ձեզ է ներկայացվում ավելի նվազ տարբերակով», - այսօր նշեց Սիմոնյանը։
Կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն էր տվել և նշել, որ տուգանքի չափը է՛լ ավելի պետք է նվազեցնել։
«Մենք նաև առաջարկել էինք, որ այդ բարձր չափերը չկիրառել՝ 10 միլիոն և 5 միլիոն դրամ։ Ողջունելի է, որ նվազեցվել է, բայց մենք առաջարկել էինք է՛լ ավելի նվազեցնել։ Ցավոք սրտի, այդ առաջարկը հանձնաժողովի կողմից չի ընդունվել։ Մեր կարծիքով, սա խոսքի ազատության միջամտություն է, և դրա համար պետք է համաչափ պատասխանատվության միջոց սահմանվի», - ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Զրպարտության և վիրավորանքի համար տուգանքների բարձրացումը քննադատում են լրագրողական կազմակերպությունները։
«Որևէ առումով չեմ կարող գոնե մի դրական բան նշել, որ սա կարող է դրական փոփոխութուններ առաջ բերել մեր երկրում, բացի այն, որ խնդիրներ է առաջ բերելու», - ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
Նրա խոսքով, փակ դռների հետևում մշակված այս նախագիծը չի քննարկվել մասնագիտների հետ, ամիսներ շարունակ լրագրողական կազմակերպությունների ահազանգերը անտեսվել են։
Ըստ փորձագետի, պատասխանատվության խստացումը չի կարող համարվել երկարաժամկետ բարեփոխում և խնդրի լուծում, այն կհանգեցնի խորքային նոր խնդիրներ․ - «Առաջին կարևոր խնդիրը դա ինքնագրաքննության ծավալի մեծացումն է լրագրողների շրջանում։ Այսինքն՝ լրագրողները, ունենալով իրենց աչքի առջև այս վտանգը, խնդիրը, որ կարող են կանգնել բավականին բարձր փոխհատուցման վճարներ վճարելու խնդրի առջև, իրենք պարզապես ձեռնպահ կմնան կարևոր խնդիրների մասին բարձրաձայնելուց, անօրինականությունների, չարաշահումների մասին բարձրաձայնելուց, որովհետև, օրինակ, չգիտեն կամ վստահ չեն, որ ամբողջությամբ տիրապետում են փաստական հանգամանքներին։ Եվ սա նրանց հետ կպահի կարևոր փաստերի մասին հասարակությանը իրազեկելուց։ Սա ամենավտանգավոր ու վնասակար խնդիրն է, որի մասին ուզում եմ նշել։ Երկրորդ խնդիրն այն է, որ եթե բավարարվեն առավելագույն չափով փոխհատուցման չափերը, դրանք կարող են սպառնալ նաև որոշ լրատվամիջոցների, կամ լրատվամիջոցների մեծ մասի գոյությանը։ Մինչդեռ դեռևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Սահմանադրական դատարանը 2011 թվականին նշել են, որ չպետք է լինեն փոխհատուցման չափերն այնքան բարձր, որ դրանք սպառնան լրատվամիջոցներին, խնդիրներ առաջացնեն ֆինանսական»։
Նախագիծը, ըստ իշխող կուսակցության, կարող է զսպող գործիք լինել ներկայիս պայմաններում, երբ հատկապես սոցցանցերում շատ է տարածված ոչ հավաստի ու չստուգված տեղեկատվության տարածումը, ինչը իրենց հերթին ակտիվորեն շրջանառում են լրատվամիջոցները։
Շուշան Դոյդոյանը, սակայն, նկատում է՝ հենց նախագծի հեղինակը աչքի չի ընկնում զուսպ քաղաքական խոսքով, հանրային խոսքը շատ հաճախ անբարեխիղճ է լինում, ինչի համար, որոշ քաղաքական գործիչներ, լրագրողներ կարող են դատական հայց ներկայացնել։ Այսպիսով խնդրի առջև կկանգնեն հենց իշխանության ներկայացուցիչները։
Դոյդոյանն ընդգծում է նաև, որ զրպարտության, վիրավորանքի պատժաչափերը բարձրացնելով ապատեղեկատվության դեմ չեն պայքարում, պետք չէ բարձր տուգանքներ սահմանել՝ ճնշելու կամ պատժելու լրատվամիջոցին, տուգանքը պետք է համարժեք լինի այն վնասին, որ տեղի է ունեցել։
«Մինչդեռ այս դեպքում ես տեսնում եմ խստացումը զուտ որպես գործիք, ճնշող մի մեխանիզմ, որը ցանկանում են գործի դնել և որը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Լրագրողներին մահակով կամ բարձր տուգանքներով չպետք է զսպել, լրագրողներին զսպել ընդհանրապես պետք չէ, ազատ արտահայտվելու իրավունքը պետք է սահմանափակվի միայն օրենքի շրջանակներում առկա սահմանափակումներով։ Մինչդեռ մենք ասում ենք՝ տուգանենք, որպեսզի նրանց զսպենք․․․ Զսպենք, որպեսզի նրանք չխոսե՞ն, չբարձրաձայնե՞ն անօրինականությունների, չարաշահումների մասին»։
Լրագրողական կազմակերպություններն այսօր դիմել են նախագահին՝ կոչ անելով չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Նաև կոչ են արել միջազգային կազմակերպություններին հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ և հորդորել իշխանություններին վերանայել խոսքի ազատությանը սպառնացող այս և այլ նախաձեռնությունները։