Իտալիան աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը: Այս մասին այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը նշել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերը քննարկելով` Նիկոլ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանն ու Լուիջի դի Մայոն խոսել են նաև երկկողմ փոխգործակցութան մասին` ընդգծելով` առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Այսօր ավելի վաղ Իտալիայի և Հայաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Այնուհետև իտալացի պաշտոնյային ընդունել է Հայաստանի նախագահ Խաչատրյանը: Վերջինս, ըստ նախագահականի, ընդգծել է, որ այս տարածաշրջանում դեպի երկարատև և կայուն խաղաղություն տանող ճանապարհը երկխոսությունն է և վստահության մթնոլորտի ձևավորումը: Նախագահն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցման, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը ևս կարևորել է կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատումը և փոխադարձ վստահության ձևավորումը: Լուիջի դի Մայոն ողջունելի է համարել, որ Հայաստանը ձգտում է առաջ շարժվել խաղաղության հաստատման ճանապարհով:
Վերջին լարվածությունից ու միմյանց ներկայացված առաջարկներից հետո՝ հաջորդ շաբաթ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջորդ շաբաթ՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կհյուրընկալի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։