Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը վերադարձել է Իսրայել


Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը (ձ) և Իսրայելի նախագահ Յիցխակ Հերցոգը
Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը (ձ) և Իսրայելի նախագահ Յիցխակ Հերցոգը

Ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո Իսրայելում Հայաստանի դեսպանը վերադարձել է Թել Ավիվ՝ երեկ իր հավատարմագրերը հանձնելով նախագահ Յիցխակ Հերցոգին:

Հայաստանի արտգործնախախարության հաղորդմամբ, Հերցոգը և դեսպան Արման Հակոբյանը զրուցել են երկկողմ հարաբերությունների, հայ և հրեա ժողովուրդների բազմադարյա կապերի ու ընդհանրությունների, Իսրայելում բնակվող հայ համայնքի մասին։

Հակոբյանը, ով տիրապետում է եբրայերենին ու արաբերենին, անցած տարվա դեկտեմբերին էր նշանակվել Իսրայելում Հայաստանի դեսպան։ Մոտ 30-ամյա դիվանագիտական աշխատանքի ընթացքում եղել է ԱԳՆ Մերձավոր Արևելքի, այնուհետև՝ Ամերիկայի վարչության պետ, 2020-2021թթ. Բրազիլիայում Հայաստանի դեսպանն էր։

Թե պաշտոնական Երևանը ինչու որոշեց նոր դեսպան գործուղել Իսրայել, արտգործնախարարությունից հնարավոր չեղավ պարզել, նախարար Արարատ Միրզոյանի խոսնակը անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։

Հայաստանը փորձում է վերադառանալ իրական քաղաքականություն. դեսպան

Դավիթ Հովհաննիսյան
Դավիթ Հովհաննիսյան

Տարիներ շարունակ Մերձավոր Արևելքում Հայաստանը ներկայացրած, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, պաշտոնական Երևանի քայլը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է վերադառանալ իրական քաղաքականություն՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները. - «Նախ և առաջ Իսրայելը բավականին ազդեցիկ տարածաշրջանային երկիր է, որը ունի իր բազմաշերտ շահերը և հետաքրքրությունները։ Այդ ազդեցությունը, այդ շահերի ընկալումը, այդ շահերի հետ ինչ-որ չափով համահունչ քաղաքականություն գտնելու հնարավորությունները, սրանք կարևոր են։ Իսրայելը առաջատար տեխնոլոգիաների երկիր է և, բնականաբար, սա մի դաշտ է, որը մեզ համար չափազանց կարևոր է, և որից մենք կարող ենք շատ օգուտներ ստանալ»։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախորդ երեք ռազմական գործողությունների՝ քառօրյայի, տավուշյան մարտերի և 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքուն լայնորեն կիրառում էր իր զինանոցում առկա իսրայելական տեխնիկան՝ նախևառաջ հարվածային, հետախուզական անօդաչուներ։

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) համաձայն, 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած երկրորդ երկիրը Իսրայելն էր, Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանից հետո։ Այդ տարիներին Ադրբեջանն Իսրայելից ստացել էր իր ներմուծած զենքի ավելի քան 26 տոկոսը, Ռուսաստանից՝ ավելի քան 60 տոկոսը։

Ի դեպ, Ադրբեջանը այսօր էլ դեսպանատուն չունի Իսրայելում։

Իրանական գործոնի դերը

Փորձագիտական շրջանակներում տարածված կարծիք կա, որ Հայաստանում տարիներ շարունակ զգուշավոր էին Իսրայելի հետ հարաբերութունների խորացման հարցում՝ հաշվի առնելով հարևան Իրանի գործոնը, որը հակամարտության մեջ է հրեական պետության հետ։

44-օրյա պատերազմի ընթացքում և ավարտից հետո Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ու այն ժամանակվա նախագահ Հասան Ռոհանին խոսեցին, անգամ գոհունակություն հայտնեցին «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման» առնչությամբ։

«Ես չեմ կարծում, որ իրանական գործոնն էր նախկինում զսպող ուժը։ Ինձ թվում է, ավելի շատ տարբեր հայ համայնքների ներկայությունը արաբական երկրներում, որոնց վրա հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացումը մեր քաղաքական գործիչների տեսանկյունից կարող էր վատ ազդել։ Չնայած ես էդ կարծիքին չեմ։ Իսկ ի՞նչ փոխվեց։ Փոխվեց էն, որ մենք պիտի բոլոր հնարավոր դիվիդենտները տարբեր տիպի հարաբերություններից պիտի փորձենք ստանալ», - նշեց Դավիթ Հովհաննիսյանը։

Թեև Հայաստանի անկախության նվաճումից կարճ ժամանակ անց՝ 1992թ. ապրիլին երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, սակայն Հայաստանը որոշեց Իսրայելում դեսպանատուն բացել միայն 2020թ. օգոտսոսին՝ 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ։ Այդուհանդերձ, Արմեն Սմբատյանը, ով 2018-ի մարտից Հայաստանի դեսպանն էր, Թել Ավիվում հասցրեց աշխատել մոտ մեկ ամիս, որովհետև պատերազմի բռնկումից օրեր անց՝ հոկտեմբերի 1-ին հետ կանչվեց Երևան։

Արդեն պատերազմի ավարտին՝ 2020 թվականի նոյեմբերի սկզբին, իսրայելական The Jerusalem Post պարբերականի հարցին, թե Հայաստանը հետաքրքրվա՞ծ է Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր. - «Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի կողմի՞ց, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։

Միրզոյանը խոսել է հայ-իսրայելական հարաբերություններում նոր մեկնարկի մասին

Armenia -- Արարատ Միրզոյան
Armenia -- Արարատ Միրզոյան

Չնայած պաշտոնական Երևանի այս դժգոհությանը, օրերս Հայաստանի ու Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների արտգործնախարարներն ուղերձներ փոխանակեցին։ Ըստ հայաստանյան ԱԳՆ-ի, նախարար Արարատ Միրզոյանը խոսել է երկկողմ հարաբերություններում նոր մեկնարկի մասին։

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն իր նամակում նշել է առաջ նայելու և տարբեր ոլորտներում համագործակցության մասին։

Արդյո՞ք այս ամենի արդյունքում Հայաստանում Իսրայելի դեսպանատունը, որը գործում է Երուսաղեմում, կտեղափոխվի Երևան, տակավին հայտնի չէ։

XS
SM
MD
LG