Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպել էր հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում անդրադարձավ Թել Ավիվում Հայաստանի դեսպանատուն բացելու՝ ՀՀ կառավարության որոշմանը։
«Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն բացելը նպատակ է հետապնդում ավելի արդյունավետ պաշտպանել Հայաստանի շահերը տարածաշրջանում», - իր ելույթում նշեց Մոմջյանը։
Նա անդրադարձավ նաև Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի դրական արձագանքին:
«Ազատությունը» հնարավորություն ունեցավ զրուցել նաև Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ ու լիազոր դեսպան Էլի Բելոցերկովսկու հետ (նստավայրը՝ Երուսաղեմ), որը հուլիսին է ստանձնել պարտականությունները։
«Բացառիկ երեկո է և պատահական չէ, որ այն տեղի է ունենում Երուսաղեմում, մի քաղաքում, որտեղ հայկական մեծ համայնք կա, որը ներկայանում է իր յուրահատկությամբ, իր թաղամասով ու հայկական հախճապակով ու շատ ուրախալի է, որ տարբեր մարդիկ են եկել կիսելու այս տոնը», - ասաց դեսպանը:
Իսրայելում գործում է ահաբեկչության դեմ պայքարի պետական շտաբ, որն այս տարի Հայաստանը ներառել էր այն երկրների ու տարածքների ցուցակում, ուր չի խրախուսում մեկնել իր քաղաքացիներին։ «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այս փաստը, դեսպանը պատասխանեց, թե ծանոթ չէ այդ որոշման հետ:
Անդրադառնալով Իսրայելում դեսպանատուն բացելու՝ Հայաստանի կառավարության որոշմանը, Էլի Բելոցերկովսկին, մասնավորապես, ասաց․ - «Անշուշտ մենք ողջունում ենք այս շատ կարևոր որոշումը, քանի որ իմ կարծիքով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հարաբերություններում մեծ առաջընթաց կա և փոխադարձ հետաքրքրություններ կան հարաբերություններն ավելի ուժեղացնելու և զարգացնելու հետ կապված»։
Հարցին, թե Իսրայելը ե՞րբ է ծրագրում դեսպանատուն բացել Հայաստանում, Բելոցերկովսկին պատասխանեց, թե առայժմ այդ հարցը չի քննարկվում։
Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու կապակցությամբ «Ազատությունը» զրուցեց նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մանրամասները՝ ստորև ներկայացվող ռեպորտաժում։