Մատչելիության հղումներ

Ըստ միջազգայնագետի, Իսրայելում ՀՀ դեսպանին հետ կանչելը կարևոր քայլ էր՝ ցույց տալու հարցի լրջությունը Հայաստանի համար


Իսրայելում Հայաստանի դեսպանատունը, արխիվ
Իսրայելում Հայաստանի դեսպանատունը, արխիվ

Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, այդ է պատճառը, որ երեկ հետ է կանչվել այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։ Պաշտոնական Երևանն ուղիղ տեքստով հայտարարում է՝ իր համար անընդունելի է այդ գործելաոճը։

«Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին, և դա հատկապես ցավալի է այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ», - նշեց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստանի արտաքին գերատեսչությունից պարզաբանում են՝ դեսպանին Երևան են կանչում՝ խորհրդակցությունների նպատակով։ Իսրայելում ՀՀ դեսպանատունը բացվել էր այս տարվա օգոստոսին։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պաշտոնական Երևանի արձագանքը կարևոր դիվանագիտական քայլ է համարում։

«Իսրայելը շարունակում է զինամթերք հենց այս օրերին մատակարարել Ադրբեջանին, և դա, բնականաբար, իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով ավելի է սրում: Չափազանց կարևոր քայլ էր մեր կողմից ցույց տալու համար մեր անհանգստությունը և հարցի լրջությունը մեզ համար: Թե երբ հետ կվերադառնա դեսպանը, իհարկե, դժվարանում եմ պատասխանել, ամեն ինչ կախված է նաև Իսրայելի քաղաքական որոշումներից, այդ թվում նաև Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում», - ասաց Սարգսյանը:

Միջազգայնագետի կարծիքով՝ Իսրայելի հետ հետևողական աշխատանքով ու միջազգային հանրության օգնությամբ հնարավոր է որևէ մեխանիզմ գտնել՝ Ադրբեջանին սպառազինության մատակարարումը դադարեցնելու համար. «Որպեսզի հասկանան, որ իրականում այդ զենքը օգտագործվում է նաև խաղաղ բնակչության դեմ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության, սա նույնպես չափազանց կարևոր եմ համարում: կարծում եմ այս ուղղությամբ շատ հետևողական աշխատանք է պետք տանել Իսրայելի ղեկավարության հետ: Նաև մեր պատրիարքը Երուսաղեմում կոչ է արել Իսրայելի նախագահին, որպեսզի քայլեր ձեռնարկի՝ խուսափելու համար էսկալացիայից, և այս պահի դրությամբ զենք չմատակարարեն Ադրբեջանին»:

Պաշտոնական Երևանի որոշումը Իսրայելում ափսոսանքով են ընդունել, տեղեկացնում է իսրայելական «Իսրայել Հայոմ» պարբերականը։

«Իսրայելը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին և Իսրայելում Հայաստանի դեսպանատունը կարևոր գործիք է համարում՝ այդ հարաբերությունները խթանելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների», - իսրայելական պարբերականի տեղեկացմամբ՝ նշված է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցից հայտնում են նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել։ Այդ երկրի պաշտոնական գերատեսչությունն անպատասխան է թողել նաև «Ազատության» ամիսներ առաջ ուղարկած հարցումը։

«Վերջին անգամ «Ազատություն» ռադիոկայանը պաշտոնապես նամակ է հղել հուլիսյան դեպքերի հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարությանը մի քանի հարցերով կապված հրեական անօդաչու սարքերի օգտագործման օպերատորների հետ, որ տարածվում էին լուրեր, թե իրենք գտնվում էին նույնիսկ Ադրբեջանում և աջակցում են ադրբեջանական զորքերին այդ հարցում: Մինչ օրս Իսրայելի պաշտպանության նախարարությունը մեր հարցերին չի պատասխանել», - ասաց Իսրայելում «Ազատության» թղթակից Արտյոմ Չերնամորյանը:

Ստոկհոլմի Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2006-ից 2019 թվականներին Իսրայելը Ադրբեջանին վաճառել է շուրջ 825 միլիոն դոլարի զինամթերք։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016-ին Բաքվում ընդունելով Իսրայելի վարչապետի Բենյամին Նեթանյահուին՝ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Իսրայելի հետ զենքի գնման գրեթե 5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել, որի մեծ մասն արդեն իսկ կատարվել է։

XS
SM
MD
LG