Մատչելիության հղումներ

Իսրայելում սկսել է գործել Հայաստանի Հանրապետության դեսպանատունը


Արդեն գործում է Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, իսկ մեկ շաբաթ առաջ մեկնարկել է դեսպանատան հյուպատոսական ծառայությունը: Հայկական համայնքը մեծ ուրախությամբ ընդունեց Հայաստանի կառավարության այդ որոշումն ու այն պատմական գնահատեց:

Դեսպանատան բացումը նախատեսվում էր այս տարեսկզբին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դժվարությունները հետաձգեցին այդ իրադարձությունը: Թեպետև դեսպանատան պաշտոնական բացումը դեռ չի կայացել, սակայն Իսրայելում բնակվող Հայաստանի քաղաքացիները սկսել են արդեն տարատեսակ դիմումներ ներկայացնել հյուպատոսական ծառայությանը:

Միջերկրական ծովի ափամերձ շրջանում` Համառադ փողոցի բիզնես կենտրոնում տեղակայված դեսպանատուն մեր այցելությունը համընկավ Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի և Իսրայելի հյուսիսային քաղաքների ու Հայֆայի հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի, Հայֆայի Արարատ և կանանց միության պատասխանատուների, Պետախ Տիկվայի «Նաիրի» Միության նախագահի և Թել Ավիվ քաղաքի բալետի գլխավոր բալերոն ու պարուսույց Լյուդվիգ Իսպիրյանի հանդիպման հետ: Դեսպանին օգոստոսի սկզբին ընդունել էր Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Մինչ երկրի հյուսիսի համայնքային ղեկավարներին հանդիպելը դեսպան Սմբատյանը հյուրընկալվել էր նաև Երուսաղեմի ավանդական կուսակցությունների` Դաշնակցության ու ՌԱԿ-ի գրասենյակներում և Բարեսիրաց միության ակումբում, իսկ սեպտեմբերին էլ կայանալու է երկրի կենտրոնի կազմակերպությունների և կուսակցական կառույցների ու համայնքի հետ հանդիպումը:

Անձնագրերի վերանորոգման, քաղաքացիության, զորակոչի ու տասնյակ այլ փաստաթղթային հիմնահարցեր ունեցող Հայաստանի քաղաքացիները տասնյակ տարիներ չէին կարող դեսպանատան բացակայության պայմաններում լուծել այդ հիմնախնդիրները. Փարիզ մեկնել չէին կարող, քանզի Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանի նստավայրը Փարիզում էր, իսկ նրան փոխարինած Արմեն Մելքոնյանի նստավայրն էլ Եգիպտոսում էր, ուր իսրայելյան անձնագիր ունեցող քաղաքացիների անվտանգությունը հրեական պետությունը չէր երաշխավորում մեկնելու դեպքում, ու մարդիկ ստիպված էին մեկնել հայրենիք ու ամառային արձակուրդների փոխարեն զբաղվել փաստաթղթերի կարգավորման հարցերով:

Հայաստանի նոր կառավարության որոշումը կտրուկ փոխեց իրավիճակն ու ի ուրախություն իսրայելահայերի` Հայաստանի քաղաքացիները արդեն կարող են դիմել դեսպանատուն: Ինչպիսի հիմնախնդիրներով են մարդիկ ներկայանում, որքան դիմումներ են արդեն ստացվել հյուպատոսարանում, «Ազատությունը» հետաքրքրվեց Իսրայելում ՀՀ դեսպանության խորհրդական ու հյուպատոսի պարտականություները կատարող Անի Խլղաթյանից: Վերջինս տեղեկացրեց որ հյուպատոսական ծառայությունն արդեն իրականացնում է ամբողջությամբ օրենքով նախատեսված իր գործառույթները:

«Շուրջ 40-50 ինտերվալում է դա մեյլով, հեռախոսով, բայց կան նաև Viber-ի, Whatsapp-ի միջոցով զանգերը, հավաքագրում չենք արել, բայց արդեն կհասցնի մոտ 100 դիմում-բողոքների, համակարգային հարցերի և այլն», - ասաց նա:

Տեղի հայերին առավել հուզող հարցերից մեկը Հայաստանում ծնված, բայց փոքրահասակ տարիքում Իսրայել մշտական բնակության տեղափոխված տղաների Հայաստանում զորակոչվելու հարցն է. - «Եթե անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և հետո ընդունել է որևէ այլ պետության քաղաքացիություն, տվյալ պետությունում նրա ծառայությունը չի ազդում իր զինապարտության հարցի վրա, այսինքն` պետք է մեր քաղաքացիներին բազմիցս լուսաբանվի, նաև արդեն իսկ դա կատարվում է հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ, անձի զինապարատության պարտականության հստակ պարզաբանումը, որպեսզի անձը չմտածի, որ որևէ այլ պետության համար ծառայելով` դա մեխանիկորեն հիմք է հանդիսանալու ՀՀ զինապարտությունից ազատվելու համար»:

Հիշեցնենք` 2015թ.-ի ամռանը Իսրայելի բանակում արդեն ծառայող Էրիկ Մարտոյանը մեկնել էր Հայաստան ու այնուհետև 3 ամիս պահվել Հայաստանում զինվորական պարտադիր ծառայության համար, որից հետո հոկտեմբերին Իսրայելի և Հայաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում զինվորը հոկտեմբերի 22-ին վերադարձավ Իսրայել ու անցավ իր զինվորական պարտականությունների կատարմանը: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հյուպատոսի պաշտոնակատարը հարկ է համարում հայերի շրջանում հստակեցնել ու ներկայացնել Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը, որպեսզի հետագայում զինվորական ծառայության հետ կապված հիմնախնդիրներ չծագեն:

Ինչ վերաբերում է հայկական համայնքի ղեկավարների հետ կայացած հանդիպումներին, նա նշեց. - «Ուրախալի է նախ, որ ականատես եմ լինում հայկական համայնքի ներգրավվածությանը մշակութային, պետական, առևտրային, տնտեսական հատվածում, այսինքն` մենք ունենք համայնք, որն ակտիվ ինտեգրվածություն, և միանշանակ համամիտ եմ պարոն դեսպանի այն դիրքորոշման հետ, որ մշակութային, սոցիալական և հոգևոր սերտ կապերը բերելու են նաև միջպետական և դիվանագիտական հարաբերությունների արդյունավետության բարձրացմանը»:

Հրեա իր գործընկերների հետ բանակցություններն ու համագործակցությունն Անի Խլղաթյանը շատ դրական, արդյունավետ ու կառուցողական գնահատեց: Խոսելով առհասարակ հայ-հրեական հարաբերությունների մասին` շեշտեց. - « Երբևէ չի կարող մոռացվել հրեական ներուժի ազդեցությունը Հայոց ցեղասպանության դատապարտման և հետագայում Հայոց ցեղասպանություն հասկացության տարածման և հնարավորինս լուսաբանման հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG