«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր», - այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին։
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է, ասել է խորհրդարանի խոսնակը՝ նշելով, որ այդ բնույթի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը:
«Լուծված չեն հետպատերազմյան հումանիտար խնդիրները»
Դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար և այլ բնույթի խնդիրներ, նաև հայտարարել է Սիմոնյանը՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:
Օրհասական են նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերը, ասել է ԱԺ խոսնակը:
«Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության, ինչպես նաև 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը», - ասել է Սիմոնյանը:
Վերահաստատելով հարևան պետությունների հետ նորմալ հարաբերությունների կարևորությունը՝ ԱԺ խոսնակը շեշտել է․ - «Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և այդ պատճառով հաստատելով նախկինում ձևակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»,- ելույթի եզրափակիչ հատվածում ասել է ԱԺ նախագահը։