Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի թելեգրամյան ալիքը հայտնում է, թե ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է ընդունել պահուստային ուժեր կենտրոնացնել Փառուխ գյուղի հատվածում՝ ադրբեջանական զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար։
Ներկայումս բնակավայրն, ըստ ռուսական կողմի, խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է։
Երեկ «Ազատության» նկարահանող խումբը Փառուխի հարևանությամբ գտնվող Խրամորթում էր։ Ոստիկանությունն արգելեց նկարահանումները։ Գյուղում իրավիճակը լարված էր։ Ադրբեջանի զինուժն, ըստ գյուղացիների, մոտակա բարձունքի վրա է։
Խրամորթում վերջին լարվածությունից հետո միայն տղամարդիկ են մնացել, կանայք, երեխաներն ու ծերերը հարևան՝ ավելի ապահով համայնքներ և մայրաքաղաք Ստեփանակերտ են տեղափոխվել։
Ստեփանակերտում գազամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Այս ամենի ֆոնին երեկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գազամատակարարումն ամբողջությամբ վերականգնվեց։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե ամբողջ Արցախում գազ կլինի մարտի 29-ից։
Շուրջ 3 շաբաթ շարունակ Արցախի ավելի քան 100 հազար բնակիչները զրկված էին գազից: Արցախի բնական գազ մատակարարող հիմնական խողովակը մարտի 8-ից էր վնասված, վերանորոգումից կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանը կրկին դադարեցրել էր գազամատակարարումը։