Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ կից նաև քարտեզներ հրապարակում։
Գոհունակությամբ արձանագրելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին, այդուհանդերձ պաշտոնական Երևանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար։
«Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի այս գյուղերում իրադրությունը կտրուկ սրվեց մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։ Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, սակայն ո՛չ Արցախի նախագահի աշխատակազմից, ո՛չ կառավարությունից Փառուխից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունը չէին հաստատում։