Մատչելիության հղումներ

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցներ են կայացել նախորդ երկու օրերին․ Պեսկով


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում շփման գծում», - ասել է Պեսկովը՝ մանրամասներ չփոխանցելով։

Զրույցների մասին պաշտոնական հաղորդագրություն Կրեմլը դեռ չի տարածել։

Կառավարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներ պարբերաբար են լինում և դրանցից ոչ բոլորն են լուսաբանվում։ Գործադիրից պարզաբանում են, որ միայն կարևոր հեռախոսզարույցների մասին է պաշտոնական էջում տեղեկացվում։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը ուրբաթ երեկոյան հաղորդագրություն է տարածել նույն օրը կայացած հեռախոսազրույցի մասին։ Ըստ հաղորդագրության՝ երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Փաշինյանը նաև «հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը», - ասված է հայկական կողմի հաղորդագրությունում:

Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Թեև նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը և ուրբաթ ցերեկը հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր, երկու կողմից էլ, ըստ Արցախի Պաշտպանության բանակի, կան զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն այդ ուղղությամբ միջոցներ կձեռնարկեն։
Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակն այսօր հաղորդեց, որ իրավիճակը տվյալ հատվածում կրկին սրվել է, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ապահովել, ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների։

XS
SM
MD
LG