Մատչելիության հղումներ

Արցախի գազամատակարարման վերականգնման հարցով բանակցում է Վիտալի Բալասանյանը


Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, արխիվ
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, արխիվ

Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները, այսօր հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին», - ասված է հաղորդագրությունում։

Արցախի կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն, և ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք հրապարակայնացման ենթակա չեն, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հորդորելով հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից:

Արցախի տարածքում մարտի 8-ից 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Այդուհանդերձ, մարտի 21-ից գազամատակարարումը վերստին դադարեցված է։
Խնդրի առնչությամբ մտահոգություն են հայտնել Եվրամիությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։
Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է։

XS
SM
MD
LG