Մատչելիության հղումներ

Կիևը նախազգուշացնում է Ուկրաինայի դեմ կռվելու համար հավաքագրվող վարձկաններին՝ կյանքը գումարից թանկ է


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարել է, ռուսական բանակը Սիրիայից ավելի քան հազար վարձկաններ է հավաքագրել Ուկրաինայի դեմ կռվելու համար։

«Հսկայական կորուստներ կրած ռուս օկուպանտները արդեն վարձկաններ են հավաքագրել Բաշար ալ Ասադի ռեժիմի և (Հզոբալայի) այսպես կոչված բանակից»,- նշված է հայտարարությունում։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր վարձականներին` ասելով. «Ուկրաինայի դեմ կռվելու նպատակով հավաքագրվելը կլինի ձեր կյանքի ամենավատ որոշումը»։

Տելեգրամի ալիքում տեղադրված տեսանյութում Զելենսկին ասել է, թե ուկրաինական հողի օկուպանտներին միանալ ցակացողներին զգուշացնում է, որ «երկար կյանքն ավելի լավ է, քան այն գումարը, որ ձեզ առաջարկում են կարճ կյանքի համար»։

Մարտական ընթացիկ գործողությունների մասին

Պատերազմական ընդհանուր իրավիճակը մնում է գրեթե նույնը, մեծ տեղաշարժեր, դիրքային էական փոփոխություններ չկան։ Արևելքում ռուսական ուժերը դանդաղ առաջ են շարժվել։

Հաղորդվում է, որ արևմտյան Լվով քաղաքը պատերազմի ընթացքում արդեն երկրորդ անգամ ռուսական ուժերի կողմից ենթարկվել է հրթիռակոծության։ Այսօր առավոտյան Լվովում լսվել են պայթյունների ձայներ, օդանավակայանին հարող տարածքից ծխի սև քուլաներ են բարձրացել։

«Այսօր հարված է հասցվել Լվովին։ Հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է։ Սև ծովից արձակված հրթիռներից մի քանիսը ոչնչացվել են: Ինչպես արդեն գիտեք, չորս հրթիռ հարվածել է ավիացիոն վերանորոգման գործարանին», - լրագրողներին ասել է Լվովի նահանգապետ Մակսիմ Կոզիտցկին:

Քաղաքապետ Անդրեյ Սադովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գործարանի շենքն ավերվել է, բայց քանի որ գործարանը չէր աշխատում, ուստի մարդկային զոհեր չկան։

Մայրաքաղաք Կիևի Պոդոլսկի շրջանում այսօր առավոտյան հրթիռի բեկորներից մեկ մարդ է զոհվել, 19-ը վիրավոր հոսպիտալացվել է, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Նա ցույց է տվել հրթիռի ընկած տեղանքը, մի կողմում մանկապարտեզ է, բնակելի չորս տներ, որոնք ապրելու համար արդեն պիտանի չեն, մյուս կողմում դպրոցի շենքն է։

«Սա պատերազմ է քաղաքացիենրի դեմ, - ասել է Կիևի քաղաքապետը,- այստեղ չկան զինվորականներ, չկա ռազմական բազա, միայն բնակելի շենքեր քաղաքացիների համար։ Ռուսական պրոպագանդան ստում է, երբ ասում է` «հատուկ գործողություն է իրականացվում» Ուկրաինայի զինված ուժերի դեմ»։

Կորուստներ կան նաև ռուսական վերահսկողության տակ գտնվող քաղաքներում։ Դոնեցկում առնվազն չորս մարդ է զոհվել։ Հրապարակված տեսանյութում նրանց մարմիններն ընկած են դրսում` մայթին, փողոցում երևում է ռմբահարված շենքը։ Դոնեցկի բնակիչ Եկատերինան ասել է, որ քրոջ հետ տանն էին, պատրաստվում էին դուրս գալ աշխատանքի, հարվածից ավերվել է հարևան բնակարանը։

Մարիուպոլը շարունակում է դիմադրել

Ուկրաինայում պաշարված Մարիուպոլը շարունակում է դիմադրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակն այսօր ասել է, թե Դոնեցկի ուժերը ռուսական բանակի օգնությամբ Մարիուպոլի կենտրոնում օղակի մեջ են սեղմում ազգայնականներին։ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ անցած գիշերվա ընթացքում ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք է խոցվել, որոնցից մեկը «Բայրաքթար» էր, իսկ ռուսական ուժերը հարվածել են հակառակորդի 81 ռազմական օբյեկտների։

Ուկրաինական և ռուսական կողմերը այսօր նոր տեսանյութեր հրապարակեցին` ցուցադրելով առանձին դրվագներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրեց ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքի հարվածը ուկրաինական զինապահեստի վրա։ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունն էլ ցուցադրեց ուկրաինական արտադրության զենքով ռուսական զրահատեխնիկայի վրա հարվածները։

ՄԱԿ. Ուկրաինայում առնազն 816 խաղաղ բնակիչ է զոհվել

ՄԱԿ-ի տվյալներով` Ուկրաինայում առնազն 816 խաղաղ բնակիչ է զոհվել։ Նրանց մեծ մասը զոհվել է ծանր հրետանու, հրթիռային համակարգերի և օդուժի ռմբակոծությունների հետևանքով։ ՄԱԿ-ի մոնիթորինգային խումբը նշում է, որ տվյալները կարող են թերի լինել, քանի որ հնարավոր չէ ճշտել պաշարված քաղաքների տվյալները։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայի մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքի՝ Խարկովի իրավիճակի մասին։

11 օրվա ընթացքում Խարկովում 450 խաղաղ բնակիչ զոհվել է կամ վիրավորվել։ Ռուսական ուժերը հրետակոծել են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, խանութներ, եկեղեցիներ։ Մարդիկ մնացել են առանց սննդի ու դեղորայքի։ Հրետակոծությունները վնասել են քաղաքի ենթակառուցվածքները` բնակիչներին զրկելով կենսական ապահովման ծառայություններից՝ ջրից, տաքությունից, էլեկտրամատակարարումից։

«Ռուսաստանցի զինվորականներին հնարավոր է` թվում է Խարկովի վրա հարձակվելու դեպքում կարող են անտեսել պատերազմի օրենքները, բայց մեղավորները ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության են ենթարկվելու Միջազգային քրեական դատարանի կողմից»,- հայտարարել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուլիյամսոնը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG