Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը:
Կրեմլի հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը հաստատել են Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա ամրապնդման փոխադարձ մտադրությունը։
Փաշինյանն ու Պուտինը նաև մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր: