Մատչելիության հղումներ

Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Հարավային Կովկասի, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նրանք քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն և լարվածության աճը:

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:

Թե արդյոք անդրադարձ է եղել Բաքվի կողմից ներկայացված առաջարկներին` խաղաղության պայմանագիր կնքելու համար բանակցությունների գնալու շուրջ, և Երևանի դիմումին ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, հաղորդագրության մեջ չի նշվում:

Հայաստանի ղեկավարի ու ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:

Նրանք խոսել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին:

Հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը ևս շոշափվել են, կարևորվել է ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Բլինքենը շեշտել է «ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային նպաստելուն Միացյալ Նահանգների նվիրվածությունը», հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։

«Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ մյուս գործընկերների հետ միասին, շարունակել Մոսկվային և նրա աջակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված և չարդարացված պատերազմի համար», - նաև հաղորդել է Փրայսը։

XS
SM
MD
LG