Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների, այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Բաքվի հրապարակած 5 կետանոց առաջարկին։ Արտգործնախարարը նկատել է՝ Բաքվի առաջարկած կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։
Բաքուն, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։
«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Իշխանությունները ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով են նաև այսպես արձագանքել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պահանջին։ Իսկ Ադրբեջանը իր տարածքային ամբողջականության մեջ դիտարկում է նաև Արցախը։ Այստեղ էլ իշխանական պատգամավորների գլխավոր հակադարձումն այն է, որ Ղարաբաղի հարցը երբեք էլ տարածքային հարց չի եղել։ Նման շեշտադրումներով խոսակցությունները, ըստ ընդդիմադիրների, նշանակում է հրաժարվել Արցախից։
«Փորձում են այնպես ներկայացնել կարծես թե տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի շատ վաղուց ճանաչվել էր, կա շատ մեծ նրբություն, երբ որ խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, կա Արցախ, որը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, Ադրբեջանի կազմում որևէ ձևով չի եղել, և այդ ժամանակ հստակ է, որ բանակցող փաստաթղթի հիմնական կետերից մեկը ինքնորոշման իրավունքի սկզբունքն էր», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Արտաքին գործերին նախարարությունը այդպես էլ չհրապարակեց Բաքվին ուղարկած պատասխանները, բայց Միրզոյանին՝ պետական լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ կարդում ենք, որ հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ շեշտելով՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ՝ իրավունքների:
Ընդդիմադիրները պնդում են՝ ԱԳՆ ավելի հստակ պետք է ձևակերպեր իր վերապահումները։ Տարակուսած են՝ ինչո՞ւ արտաքին գերատեսչությունը այդպես էլ ուղիղ չի կիրառում «ազգերի ինքնորոշման իրավունք» արտահայտությունը։
«Միրզոյանը այդպես կարող էր խոսել, ենթադրենք, Ուկրաինայում հայ բնակչության անվտանգության մասին. Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է իր բնակված տարածքում ինքնորոշման իրավունքի մասին, որից մազաչափ անգամ այլևս Հայաստանի իշխանությունները չեն էլ ուզում հղում կատարել», - նշեց ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը։
«Նախարարի հայտարարությունը շատ երկչոտ է ներկայացված, դեռ չեմ խոսում այն մասին, որ խոսվում է արցախցիների իրավունքների և ազատությունների մասին, խոսվում է կարգավիճակի մասին, բայց ինքնորոշման իրավունքի և դրա իրացման մասին չի խոսվում, որովհետև բուն կարգավիճակի հստակեցման մասին, երբ որ մենք խոսում ենք, դա կարող է տարբեր մեկնաբանությունների առարկա դառնալ», -ասաց Աբրահամյանը։
Բաքուն երեկ բացահայտեց իր առաջարկի 5 կետերը, կամ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են ձևակերպում՝ «Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նախապայմանները»։ Ուղիղ պատասխան ԱԳՆ -ից չեն տալիս՝ մերժե՞լ են առաջարկները, թե՝ ոչ։ Պարզ է միայն, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Այս քայլով Հայաստանը ձևախեղում է Մինսկի խմբի ձևաչափը վստահ է Գեղամ Մանուկյանը։
«Մինսկի խումբը իր մանդատը ստացել է արցախյան հարցը լուծելու համար, ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Եվ դրանով միանում են նույն Ադրբեջանի գործողություններին, որը տևական ժամանակ փորձում էր խափանել Մինսկի խմբի ակտիվացման փորձերը», - ասաց Մանուկյանը։
ԵԱՀԿ դիմելու Հայաստանի նախաձեռնությանը Մինսկի խմբից դեռ չեն արձագանքել։ Ընդդիմադիրների այս քննադատություններին իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը հակադարձում է՝ հիշեցնելով նախկինների օրոք բանակցված փաստաթղթերը, որոնք, ըստ պատգամավորի, հանգեցրել են այս վիճակին։ Ապա նկատում, այս պահին գլխավորը լարվածությունը թոթափելն է։
«Լարվածության թոթափումը, անվտանգության ապահովումը ու խոսակցության հարթակ ունենալն է, դրանք առաջնային, հրատապ կարևորության հարցեր են։ Սրա համար անհրաժեշտ է հարթակ խոսակցության համար. Երբ այդ բովանդակային խոսակցությունները կվերսկսվեն, իհարկե, հայկական կողմը կփորձի առավելագույն հնարավոր, իրատեսական, լավագույն լուծման հասնել մեր պատկերացումների շրջանակում. Այսօր վերջնագրերի լեզվով խոսելը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, Արցախի անվտանգության շահերից», - նշեց Կարապետյանը։
Բաքվի և Երևանի փոխադարձ հայտարարությունների ֆոնին լարված էր սահմանային վիճակը։ Այսօր ԱԱԾ տեղակալ Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ Բաքվի առաջարկների վերաբերյալ Հայաստանի ներկայացրած անհամաձայնություններին կարո՞ղ է ռազմական էսկալացիա հաջորդել։
«Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն կոնկրետ այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի», - պատասխանեց Հարությունյանը։