Մատչելիության հղումներ

Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան


Երևանը Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթացող կարգավորման գործընթացը դրական է գնահատում։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել», - ասել է Միրզոյանը։

Նախարարը նկատել է` Անթալիա է այցելել և մասնակցել դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։

Մոտ երեք տասնամյակ փակ սահմաններով ու առանց դիվանագիտական հարաբերությունների, հարևանությամբ ապրող Հայաստանն ու Թուրքիան անցյալ տարեվերջին հայտարարեցին հատուկ բանագնացներ նշանակելու ու հաշտեցման գործընթաց սկսելու ցանկության մասին։ Բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը երկու անգամ արդեն հանդիպել են, իսկ շաբաթ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցավ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Հարցին` որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա»։

Նախարարի ներկայացմամբ` ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նրա խոսքով` դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։

«Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։

Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ», - շեշտել է նա:

Երևանն ու Անկարան վերահաստատում են պատրաստակամությունը` շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, Անթալիայում հայտարարել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները երկկողմ հանդիպումից հետո:

XS
SM
MD
LG