Մատչելիության հղումներ

Երկաթուղին վերականգնելու համար Հայաստանը բավարար մասնագիտական ներուժ ունի․ Քոչինյան


Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական կողմում գտնվող հատվածները վերականգնելու համար Հայաստանը բավարար մասնագիտական ներուժ ունի, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց տրանսպորտի նախկին նախարար, երկաթուղին վերագործարկելու հարցով աշխատանքային խմբի անդամ Հենրիկ Քոչինյանը։

«Բարեբախտաբար Հայաստանում դեռևս մասնագիտական ներուժը կա, տարիքները մի քիչ, ոչինչ, բարձր է, բայց երիասարդներ էլ կան, որոնք կարող են միանալ», - ասաց Քոչինյանը։

Առաջիկա օրերին մասնագետները սկսելու են Երասխի ու Մեղրիի հատվածներում ուսումնասիրություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ հետագայում նախագիծ կմշակվի, այս աշխատանքներին կմասնակցեն նաև ռուսական կողմի ներկայացուցիչները։ Հենց «Ռուսական երկաթուղիներն» է մինչև 2038 թվականը ստանձնել հայկական երկաթգծերի կոնցեսիոն կառավարումը։

Երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։

Սոչի՝ 26-ը նոյեմբերի 2021թ․ Բրյուսել՝ 15-ը դեկտեմբերի, 2021թ․
Սոչի՝ 26-ը նոյեմբերի 2021թ․ Բրյուսել՝ 15-ը դեկտեմբերի, 2021թ․

Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։

Թե հայկական կողմում երբ կսկսվի շինարարությունը, դեռ հայտնի չէ, հստակ չէ նաև թե դրանք որքան կարժենան Հայաստանի համար, և այդ գումարը որտեղից են ներգրավելու։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ավելի վաղ խոսել էր շուրջ 200 միլիոն դոլարի մասին։

Իշխանությունները հայտարարում են՝ երկաթուղու վերագործարկումը տնտեսական լայն հնարավորություններ կբացի Հայաստանի առջև: Մի շարք տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, մինչդեռ, հակառակն են պնդում՝ մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։

Հենրիկ Քոչինյանն ընդգծում է՝ այսպիսի պնդումներ անելու համար դեռ վաղ է։ Թե որքան շահավետ կլինի նախագիծը, ժամանակը ցույց կտա։ «Եթե 30 տարի էդ գիծը չի աշխատել, ճանապարհ չի աշխատել, 30 օրում նա չի սկսում աշխատել, կառուցելուց հետոյի մասին է խոսքը, այսինքն ժամանակ է պետք, որ դա սկսեն ուսումնասիրել», - ասաց անկախ Հայաստանի տրանսպորտի առաջին նախարարը։

Երկաթուղու վերագործարկումից հետո բեռնափոխադրումների ծավալը, ըստ Հենրիկ Քոչինյանի, կախված է մի շարք հանգամանքներից՝ արդյոք այլ պետություններ այս երկաթգիծը անվտանգ ու արդյունավետ կհամարեն, ինչ գործընթացներ կընթանան համաշխարհային տնտեսությունում։

«Եթե մեկն ասում է՝ շահավետ է, մյուսն ասում է՝ շահավետ չէ, իմ կարծիքով երկուսն էլ սխալվում են։ Ժամանակ է պետք դրա համար, թղթի վրա ֆորմուլա չէ, որ բոլորս նստենք գրենք և ասենք՝ «տեսեք, ես ապացուցեցի, որ սա լավն է, ես ապացուցեցի, որ սա վատն է», - ասաց նախկին նախարարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG