Մատչելիության հղումներ

Եթե իմանաս նորմալ կլինի, կասես՝ թող աշխատի, բայց Ալիևը սուս անող չի. երասխցիները՝ երկաթգծի վերագործարկման մասին


Երասխը ադրբեջանական Սադարակից ընդամենը 4 կմ է բաժանում: Երկաթգիծն ավելի քան 30 տարի է չի գործում՝ այս տարիներին ավերվել ու քայքայվել է, հողաթմբեր են ավելացել վրան, որոնք պաշտպանական նպատակ ունեն. Նախիջևանի հետ սահմանը գյուղամեջից շատ հեռու չէ։

«Նախկինում հոյակապ գյուղ ա եղել, ծաղկուն գյուղ ա եղել, կայարանը շատ լավ աշխատում էր, ամեն տեսակի թե' արդյունաբերական ապրանքներ, թե' տնտեսական ինչ ապրանք ասես էս մեր գյուղով գնացքով տարել-բերել են», - ասում է Երասխի դպրոցի նախկին ուսուցչուհին։

Նախկինից շատ քիչ բան է մնացել Երասխում, ավելի շատ հիշողություններն են։ Գյուղն աշխարհին կապող երկաթուղին հիմա տեղական երթուղով է շարժվում։ Կառամատույցի հին շենքին, երկաթե տնակն է փոխարինել, հինը առաջին պատերազմից վնասվել, տարիների ընթացքում վթարային էր դարձել: Կայարանը հիմա Երասխ-Երևան երթուղին է սպասարկում:

Գնացքով Երասխից ժամանակին Նախիջևան ու անգամ Բաքու էին հասնում՝ ով առևտրի, ով գյուղատնտեսական աշխատանքների ու այլ գործերի։

Գյուղի նախկին ուսուցչուհին անցյալի մասին դրական հիշողություններ ունի. ադրբեջանցիների հետ տարիներ շարունակ հարևանություն են արել, վատ բան չեն տեսել, բայց հիմա ժամանակներն այլ են, ասում է 70-ամյա կինը. - «Անգամ ադրբեջանցի ուսուցիչներից մեկը ասեց՝ տանեմ Բաքու ձեզ, ման կգաք։ Էդ խառնաշփոթից մի երկու ամիս առաջ էր։ Եղել ա լավ, բայց հիմիկվա համար չեմ կարա ասեմ»։

Գյուղացիները լսել են, որ կառավարությունում հատուկ խումբ է ձևավորվել Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման համար: Գիտեն՝ քննարկվում է, որ նախ Երասխից հարևան Սադարակ երկաթուղին վերագործարկվի։

«Երկաթգիծը բացվի՝ մեզ ի՞նչ։ Մենք ընդամենը ապրող ենք, ի՞նչ իմանաս, բացվի, էն կողմից ինչ կկատարվի մեր հետ։ Հույս չկա։ Տեսնում եք, սաղ բլուրներ են սարքել... մարդ էդ բլուրներից էլ ա վախենում», - ասաց Երասխում ապրող մի կին։

Հարցին, թե ինչ կտա երակաթուղու բացումն իրենց, Երասխում միանշանակ պատասխան չունեն: Գյուղում ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում, անգամ գյուղացիների տների ուղղությամբ։ Այս իրավիճակում չեն պատկերացնում՝ ինչպե՞ս կազդի երկաթուղու գործունեությունն իրենց վրա, մտավախությունները շատ են։

Օրերս ադրբեջանական կրակոցից Վիկտորյա Մուրադյանի տան արևային ջրատաքացուցիչն էր վնասվել, ապառիկը դեռ չեն էլ մարել, չգիտեն՝ պետությունը փոխհատուցում կտրամադրի՞, թե ոչ։ Գյուղում գազ չկա. ջուրն այստեղ արևային էներգիայով են տաքացնում։

«Կրակոց լսեցի։ Ես իմացա, սամալյոտ խփեցին, դվվոց լսեցի։ Ասի դուրս գամ, տենամ էդ ինչ դվվոց ա, տենամ ջուրը շփփում ա, նայեցի՝ մեր արևայինն ա վնասվել։ Զանգեցի, էկան նայեցին, իրոք որ կրակոցից էր», - պատմեց տիկին Վիկտորյան։

Երկաթուղին վերագործարկելու համար դեռ նախկին երկաթգիծը պետք է վերականգնել. հայաստանյան հատվածի երկարությունը 1 կմ է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվաքծների նախարարությունից հայտնում են, որ նախնական հաշվարկներով Երասխից մինչև Նախիջևանի հատվածը վերականգնելու համար 5 միլիոն դոլար կպահանջվի, իսկ Մեղրիի տեղամասի համար, որը 45 կմ է, նախնական մոտ 221 միլիոն դոլար է անհրաժեշտ։ Գնացքը աշխատելու է հինականում բեռնափոխադրումների համար, տեղեկացնում են գերատեսչությունից։ Հայաստանի իշխանությունները, սակայն, դեռ չեն հստակեցնում, թե երբ կմեկնարկի բուն շինաարությունը թե Երասխում, թե Մեղրիում։

«Եթե իմանաս նորմալ կըլնի, կասես հա, թող աշխատի, վատ չի լինի, եթե աշխատի։ Բայց Ալիևը սուս անող չի, էնի մինչև հիմա էլ իրա մուռը հանում ա», - ասաց Երասխի բնակիչներից մեկը։ Նրա համագյուղացին հավելեց. - «Իմ երկրորդ հարկս թուրք էր մնում, էն ժամանակն ու հիմա՝ շատ մեծ սարեր կա... հիմա ես չեմ կարա, ո՞վ կհաշտվի հիմա»։

Մինչ իշխանությունները պարբերաբար տարածաշրջանի ապաշրջափակման ու խաղաղության դարաշրջանի մասին հայտատարություններ են անում, Երասխում մարդիկ քաղաքական դեմքերի ասածի ու իրականության միջև տրամաբանություն են փնտրում։

«Հարևաններ ունենք, ասում են՝ շատ լավ կլինի, երկաթգիծը կգործարկվի։ Իրոք լավ կլիներ, եթե բարեկամական հարաբերությունները ունենայինք», - ասաց Երասխի դպրոցի նախկին ուսուցչուհին։

XS
SM
MD
LG