«Մենք թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանում, դաշտային աշխատանքներին», - այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ զուգահեռ դե յուրե կամրագրեն այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։
«Բայց մինչ այդ աշխատանքը չի կանգնում, այսինքն՝ մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, ով երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է, այսօր նշեց, որ մասնագիտական խումբը վաղն առավոտյան կմեկնի Մեղրի, և որ 9 հոգուց բաղկացած խումբը ղեկավարում է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը։
«Երկուշաբթի օրը երկու հոգի կմիանան «Ռուսական երկաթուղիներից» և երկու- երեք շաբաթվա ընթացքում՝ և՛ գեոդեզիական, և՛ երկրաբանական ուսումնասիրություններ կարվեն, պաստառի վիճակը կուսումնասիրվի, բետոնային բոլոր կառույցները կուսումնասիրվեն, կսքանավորեն, բոլոր կառույցները, որոնք հետագայում խանգարելու են էդ շինարարությանը և վերաբնակեցման խնդիր կարող է առաջանալ, կգույքագրվեն, և էդ համալիր հետազոտության արդյունքները կդրվեն առաջադրանքի և նախագծի հիմքում», - ասաց Թումանյանը։
Կառավարությունն այդ աշխատանքների համար այսօր գումար հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Վերջում Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս ամենը դիտարկում են «Հայկական խաչմերուկի» շրջանակներում։