Պորտու քաղաքի քրեական ոստիկանությունը ձերբակալել է ռաբբի Դանիել Լիտվակին, ով կեղծիքների եղանակով կարողացել է Եվրամիության անդամ երկրի քաղաքացիություն ապահովել ռուսաստանցի օլիգարխ, բրիտանական սանկցիաների ցանկում հայտնված Ռոման Աբրամովիչի համար:
Պորտուի հրեական համայնքի ռաբբին պատասխանատվություն է կրել սեֆարդների (Պիրենեյան թերակղզում բնակվող և հալածանքների ենթարկված հրեաները) ժառանգներին սերտիֆիկատներ շնորհելու համար:
Նա կազմել է փաստաթուղթ, ըստ որի Աբրամովիչի նախնիները Պորտուգալիայից 15-րդ դարում արտաքսված սեֆարդներ էին:
Այդ սերտիֆիկատի շնորհիվ Աբրամովիևը Պորտուգալիայի անձնագիր է ստացել:
Մեքենայության գործով հետաքննության ու ռաբբի Լիտվակի ձերբակալության մասին հաղորդել է Publico պարբերականը:
Պորտուի հրեական համայնքը հերքում է մեղադրանքը և այն անվանում է «զրպարտության արշավ»:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ, Նյու Յորքի մի շարք ներդրումային հիմնադրամներ սառեցրել են Ռոման Աբրամովիչի միջոցներն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հայտնել է նրա անունը պատժամիջոցներրի ցուցակում ներառելու մասին:
2021 թվականին Պորտուգալիայի քաղաքացիություն ստանալու պահին Աբրամովիչի կարողությունը Forbes հանդեսի հաշվարկով կազմել է 14 միլիարդ ԱՄՆ դոլար, և նա ճանաչվել է Պորտուգալիայի ամենահարուստ քաղաքացին:
Աբրամովիչին համարում են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ և բարեկամական հարաբերություններ հաստատած օլիգարխների խմբի անդամ: