Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկում է հանրապետության նախագահի ընտրության հարցը  


Խորհրդարանը քննարկում է հանրապետության նախագահի ընտրություն հարցը։ Նախագահի թեկնածուին Ազգային ժողովում ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Վահագն Խաչատրյանը կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կերտման ակունքներում, պարոն Խաչատրյանն իր կենսագրությամբ ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը։ Պարոն Խաչատրյանն իր քաղաքական խոհեմությամբ, լայնախոհությամբ միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունը այս պատմական ժամանակներում մեծ պատվով և պատասխանատվությամբ իրագործել, և ահա այս հիմքերն են հանդիսացել պատճառ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները առաջադրել են Վահագն Խաչատրյանի թեկնածությունը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ», - հայտարարեց Կոնջորյանը՝ շեշտելով, որ իրենց խմբակցությունը միաձայն ընտրելու է Խաչատրյանին Հայաստանի նախագահ։

Հայկ Կոնջորյան
Հայկ Կոնջորյան

Վահագն Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց իշխող խմբակցությանը նման «վստահության արժանացնելու համար»՝ հույս հայտնելով, որ այն բոլոր պատկերացումները, որ ունեն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, անպայման միասին կիրականացնեն։ «Մենք ուղղակի այլ ճանապարհ չունենք, մենք կոչված ենք նրա համար, որպեսզի կարողանանք ապահովենք մեր հայրենակիցների անվտանգությունը և մեր երկիրը տանենք զարգացման ճանապարհով», - ասաց Խաչատրյանը։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, վկայակոչելով ընդդիմության հայտարարությունները, հետաքրքվեց, ի վերջո Վահագն Խաչատրյանը պատրաստվում է լինել միայն իրե՞նց, թե՞ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահը, Խաչատրյանը պատասխանեց․ - «Ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը։ Սահմանադրությամբ պարտավորված եմ լինել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և մի բան էլ ավելի նախագահը։ Հայաստանի Հանրապետության նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ Է, և ես պատրաստվում եմ այդպես էլ լինել և այդ դերում հանդես գալ, և ինձ համար որևէ խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու»։

Արմեն Սարգսյանը, պատճառաբանելով իր սահմանափակ լիազորությունները, Հայաստանի նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարական տվեց հունվարի 30-ին, դիմումից յոթ օր անց նրա լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չառաջադրեցին՝ հայտարարելով, որ «որևէ կերպ չեն մասնակցելու» Հանրապետության նախագահի ընտրությանը։

Նա մեկ քաղաքական ուժի կողմից պարտադրված թեկանածու է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան

«Նույնիսկ այն երաշխիքը երկու երրորդով ընտրվելու, ի սկզբանե անտեսվեց։ Դա արդեն իսկ շատ հստակ էր՝ թե՛ հրապարակային հայտարարություններից, թե՛ դիրքորոշումների ներկայացումից, որ սա ոչ թե պետք է լինի ընդհանուր Ազգային ժողովի բոլոր ուժերի կողմից քննարկված թեկնածու, այլ հենց մեկ ուժի։ Այսինքն՝ այդ տեսանկյունից նաև մենք ունեցանք նախորդ փորձից շեղում։ Լավն էր, թե վատն էր փորձը, դնենք մի կողմ, բայց փաստն այն էր, որ երկու երրորդով էր ընտրվել հանրապետության նախագահ», - ասաց Վարդևանյանը։

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ՝ նշելով՝ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։

Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան

Առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 քվե է հարկավոր։ Առաջին փուլում իշխանական խմբակցությունը այդքան ձայն չունի, բայց նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ էլ կարող է ապահովել։

«Որևէ ձևով չենք մասնակցելու պրոցեսին, դա իրենից ի՞նչ է ենթադրում, որ ոչ հարցեր են հնչեցվելու, ոչ քվեարկությանն ենք մասնակցելու, ոչ էլ ելույթներ ենք ունենալու, թող իսկապես այն, ինչը որ հենց պարտադրվեց, հենց այդ պատկերն էլ արձանագրվի, որ սա իսկապես մեկ ուժի հանրապետության նախագահ է, ոչ թե Հայաստանի Հանրապետության նախագահն է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Չնայած «Ազատության» եթերում նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը չէր բացառել, որ կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպում, ընդդիմադիր պատգմավորը փոխանցեց, որ իրենք հանդիպման առաջարկ չեն ստացել։

Նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, թեկնածուն ելույթի համար մինչև մեկ ժամ ունի, եզրափակիչ ելույթի համար՝ մինչև 30 րոպե։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG