Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ « Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ»:
«Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ», - ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին»:
Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել Խաչատրյանին՝ իր հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։