Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմությունը չի մասնակցի նախագահի երդմնակալության արարողությանը


Նախագահի երդմնակալությունն՝ առանց խորհրդարանական ընդդիմության։ Թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները «Ազատությանը» տեղեկացրեցին՝ չեն մասնակցելու պաշտոնական արարողությանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» արձագանքում են՝ ընդդիմադիրների որոշումը չի կարող ստվերել հանդիսավոր արարողությունը։

Ընդդիմադիրներն անցած շաբաթ նաև ընտրությանը չմասնակցեցին, Վահագն Խաչատրյանը նախագահ ընտրվեց միայն երկրորդ փուլով, երբ իշխանական խմբակցության ձայները բավարարեցին։

Վահագն Խաչատրյանը պաշտոնը ստանձնելու է առաջիկա կիրակի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ՝ «լինել անաչառ, ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

«Հանրայինի առաջին եթերում Վահագն Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը քաղաքական թիմի անդամ է, որից հետևում է, որ դա հակասում է օրենքի ոչ միայն տառին, այլ նաև ոգուն, ինքը պիտի ունենար վերկուսակցական արբիտորի ֆունկցիա, որն իրականացնել ինքը չի կարող՝ լինելով քաղաքական թիմի անդամ, ուստի ինքը Նիկոլ Փաշինյանի նախագահն է, իսկ Նիկոլ Փաշինյանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու որևէ reason մենք չենք տեսնում», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց՝ իրենց տեսակետը չի փոխվել, ուստի երդմնակալության արարողությանը մասնակցելու տրամաբանություն ևս չեն տեսնում:

«Իրենք չէին ընտրում Հայաստանի Հանրապետության նախագահ, այլ իրենց թիմից մեկին փորձեցին և իրականացրեցին, դարձնել նախագահ: Հետևաբար մենք այդ պրոցեսներին մաս չենք կազմում և չենք կազմելու, և որևէ տրամաբանություն չկա, որ մենք մասնակցենք այդ ձևական միջոցառմանը», - ասաց Սաղաթելյանը:

Անարգանք Հայաստանի պետականության նկատմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գնահատականն է ընդդիմության բոյկոտին։

«Երբ որ մենք խոսում ենք մեր պետության կարևորագույն քաղաքական գործընթացի մասին, ասել է թե նախագահի ընտրության, ապա ստացվում է, որ ընդդիմությունը գողացել է իր ընտրողների ընդդիմադիր քվեն և թույլ չի տալիս նրանց որևէ կերպ մասնակից լինել ընտրության գործընթացին, գոնե այլընտրանքային թեկնածու առաջադրելու իմաստով, որովհետև դրա հնարավորությունը ձայների առումով ընդդիմությունը ուներ, սակայն չօգտվեց: Շատ վատ եմ գնահատում նաև երդմնակալության չմասնակցելը, ես կարծում եմ, սա անարգանք է ընդդիմադիր պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ», - նշեց Հովհաննիսյանը:

Միջոցառումը նախատեսված է Մարզահամերգային համալիրում։ Այնտեղ 2018-ին անցկացվեց նաև հրաժարական տված Արմեն Սարգսյանի երդմնակալությունը։

Ավելի քան 500 հրավիրյալների շարքում, ինչպես «Ազատությանը» փոխանցեցին ԱԺ-ից, օտարերկրյա ղեկավարներ չեն լինի, հրավիրվելու են Հայաստանում հավատարմագրված դիվանագետները, բիզնեսի, մշակույթի ներկայացուցիչները։ Հրավիրատոմսեր, ըստ նույն աղբյուրի, ուղարկվել են նաև Հայաստանի ու Արցախի բոլոր նախկին նախագահներին:

Նորընտիր նախագահի երդմնակալությանը չի մասնակցի Սերժ Սարգսյանը։ 3-րդ նախագահի գրասենյակը ֆեյսբուքում տեղեկացրեց՝ հրավերը ստացել են, սակայն Սարգսյանը «չի պատրաստվում մասնակցել այդ արարողությանը»:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ նախագահի երդմնակալությանը չի մասնակցի նաև երկրորդ նախագահ, այժմ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ չի մասնակցի», - նշեց Սաղաթելյանը:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը փաստացի այսօրվա ընդդիմության առաջնորդներն են։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ հրավեր Տեր-Պետրոսյանը չի ստացել, մասնակցել-չմասնակցելու մասին հարցը հրաժարվեց մեկնաբանել։

Վահագն Խաչատրյանը ժամանակին անդամակցել է Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ին։ Երբ Խաչատրյանը նախագահ ընտրվեց, Կոնգրեսի փոխնախագահ Զուրաբյանը հայտարարեց՝ «այդ իրադարձությունից Հայաստանում ոչինչ դեպի լավը չի փոխվի այն պարզ պատճառով, որ նախագահ է նշանակվել Նիկոլ Փաշինյանի թիմի հլու-հնազանդ կամակատարը»։

Ինչ վերաբերվում է հրաժարական տված Արմեն Սարգսյանին, չհաջողվեց անգամ ճշտել՝ արդյոք նա Հայաստանում է, գրասենյակ ունի՞, չունի՞, ո՞վ է այն ղեկավարում։ Ուստի նրա մասնակցության հարցն էլ այս պահին անհայտ է։ Բայց Արմեն Սարգսյանը նախկին նախագահներից միակն է, որ ընտրվելու առիթով ինստագրամյան էջում շնորհավորել է Վահագն Խաչատրյանին, աջակցելու պատրաստակամություն հայտնել։

Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցեց ընդդիմադիր «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, այդ օրերին նա Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ մարզերում քայլերթ էր իրականացնում։ Այսօր նրանք իշխանություն են, Փաշինյանի թիմակիցն էլ չմասնակցողների համար ոչ մի արդարացում չունի. «Այն մարդիկ, որոնք ներկա կլինեն և այն մարդիկ, որոնք կհրաժարվեն ներկա լինել Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը, ի ցույց կդնեն իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության պետականության և պետության նկատմամբ: Մնացածն արդեն մեր քաղաքացիներն ըստ այդմ պետք է իրենց վերաբերմունքը հաջորդ քաղաքական գործընթացներում ի ցույց դնեն ժողովրդավար միջոցներով»:

Կիրակնօրյա միջոցառման որոշ մանրամասներ հայտնի են. նախագահները որպես կանոն երդվում են՝ ձեռքը դնելով Սահմանադրության մայր օրինակին ու Վեհամոր Ավետարանին։ Վահագն Խաչատրյանն էլ բացառություն չի լինի։ Ապա ելույթ կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու հենց ինքը՝ նորընտիր նախագահը: Լրագրողները տեղում աշխատելու հնարավորություն չեն ունենա, բացառությամբ լուսանկարիչների, մյուսներին ո՛չ միջոցառման սրահում, ո՛չ համալիրի շենքում ընդհանրապես թույլ չի տրվի գտնվել։ Ինչպես փոխանցեցին Ազգային ժողովից, նախատեսում են արարողության ուղիղ հեռարձակում բաց կապուղիով, որից կարող են օգտվել բոլոր լրատվամիջոցները։

XS
SM
MD
LG