Մատչելիության հղումներ

Խրամորթցիները ցանկանում են, որ ռուս խաղաղապահները գյուղում մշտապես տեղակայվեն


Ձայնային սպառնալիքներից բացի, նաև պարբերաբար միջադեպեր են գրանցվում ադրբեջանական հենակետերից ոչ հեռու Խրամորթի այգիներում աշխատող արցախցիների ու զինված ադրբեջանցիների միջև։

«Ադրբեջանական աուդիոսպառնալիքները Խրամորթում լռել են, երկրորդ օրն է՝ ոչ մի ձայն», - ասում է Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը։ - «Ոչ մի ձեն, ոչ մի բան, ոչ մի նամազ, ոչ մի հռետորաբանական մեքենա, խախանդ ա եղել»։

Աբրահամյանն իր համագյուղացիների հետ արդեն անգիր է արել այն, ինչ ադրբեջանցիներն էին երեք օր շարունակ հնչեցնում բարձրախոսով. - «Եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեր համար, լքեք տարածքը, լքեք տարածքը... իրեք անգամ կրկնում ա»։

«Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին ՝ դադարեցրեք գյուղաշխատանքը», - Խրամորթի վարչական տարածքում գտնվող խրամորթցիներին հորդորում է ադրբեջանական ձայնը զինվորական հատուկ մեքենայից՝ մաքուր հայերենով։ Կոչերը ընդմիջվում էին նամազով։

Շաբաթ օրը Խրամորթում էին Արցախի օմբուդսմենը, դատախազը։ Ռուս խաղաղապահները բանակցություններ էին սկսել ադրբեջանակական կողմի հետ, վստահեցրել, որ ադրբեջանցիները կլռեն։

Խրամորթցիները ցանկանում են, որ ռուս խաղաղապահները գյուղում մշտապես տեղակայվեն։ Այստեղ այս ձայնային սպառնալիքներից բացի, նաև պարբերաբար միջադեպեր են գրանցվում ադրբեջանական հենակետերից ոչ հեռու Խրամորթի այգիներում աշխատող արցախցիների ու զինցած ադրբեջանցիների միջև։

Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան

«Խաղաղապահների ներկայացուցիչները պարբերաբար այցելում են գյուղ, դեռևս մշտական տեղակայված խաղաղապահներից չկան։ Ամեն դեպքում, իմ դիրքորոշումն էլ եղել է այն, որ նման դեպքերը բացառելու և դրանց կրկնությունը չթույլատրելու համար ցանկալի է, որ գյուղում գոնե ժամանակավոր մշտական տեղակայվեն խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներ», - ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով, այն, ինչ ադրբեջանական կողմն անում է, գյուղը հայաթափելու համար է։ Կրակոցներից բացի, հիմա էլ նոր հոգեբանական տեռորի մեթոդ են կիրառում՝ նամազ ու ադրբեջանական կոչեր հասցնելով հայկական Խրամորթ։ Աուդիո տարբերակը նոր է, բայց քարոզի էությունը, ըստ օմբուդսմենի, անփոփոխ է՝ «Խրամորթն Ադրբեջան է, խրամորթցիներդ մեր քաղաքացիները, շարժվեք մեր օրենքներով։ Երբ չենք ուզում՝ հող մի մշակեք»։

«Այդ համայնքի բնակիչներն ունեն իրավունքներ, և այդ իրավունքների մեջ է մտնում նաև արժանապատիվ աշխատանքով իրենց ապրուստի միջոցը հոգալու և իրենց իրենց կյանքը կառուցելու իրավունքը։ Եվ եթե ասում են, որ գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք, սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ նրանք ուղղակի փորձում են դրդել ժողովրդին թողնեն ու հեռանան», - ասում է Ստեփանյանը։

Գյուղում հիմա հողի գործը վերսկսել են, ադրբեջանցիների «լքեք տարածքը» կոչերին հետևող չկա, ասում է համայնքապետ Աբրահամյանը. - «բայց ո՞վ ա իրենց բանի տեղ դնողը... Մենք սիրել ենք մեր հողը, մեր ջուրը, մենք ստեղ ծնվել ենք, ստեղ էլ կմեռնենք։ Պետք լինի՝ կմեռնենք, պետք լինի՝ կպայքարենք»։

Խրամորթն Աղդամից մի ճանապարհով է բաժանվում։ 80-ականների վերջից այս գյուղի բնակիչները բազմաթիվ փորձությունների են ենթարկվել, հիշում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. - «Աղդամի հետ սահմանային գոտում գյուղ չկար, որտեղից մեծ թվով պատանդներ տարված չլինեին... և կան գերիներ, որոնց հետո ոչնչացրել են...»

Հրանուշ Խառատյան
Հրանուշ Խառատյան

Վերջին պատերազմի ավարտից գրեթե տարիուկես է անցել, խաղի կաննոները պիտի որ պարզ լինեին, բայց, ըստ Խառատյանի, առայժմ մի կանոն է գործում՝ սահմանին ապրող մարդիկ բարոյական ու ռազմական ճնշման տակ են, նրանց անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահները միջադեպերը չեն կանխում. - «Խաղաղապահի միսիան հենց դեպքի զարգացումը կանխելն է։ Դեպքը կա, և դրա շուրջ մենք ո'չ խաղաղապահներից որևէ տեղեկություն ունեինք, ո'չ էլ մինչև հիմա խաղաղապահների կողմից որևէ պաշտոնական ձևակերպված արձագանք կա»։

Աղդամում է գործում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեն հրադադարի պահպանմանը։

Պարզ է, թե այդ խումբը ինչպես է ընտրում տեղեկատվությունը, որ մատուցվում է աշխարհին, շեշտում է Հրանուշ Խառատյանը։ Նա համարում է, որ սահմանային միջադեպերի կանխման միջոցներից մեկն էլ լայնածավալ տեղեկատվության տարածումն է, և դա կարող է հանրությունն անել՝ հիմնվելով ոչ թե քաղաքական օրակարգեր ունեցող պաշտոնական կառույցների, այլ հենց տեղում ապրող մարդկանց վրա։ «Այդ մարդիկ քաղաքական ծրագիր չունեն, ապրելու ծրագիր ունեն», - ասաց Խառատյանը։

XS
SM
MD
LG