Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Պաշտպանության բանակը նշում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է, ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին Արցախի պաշտպանության բանակին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ նշելով, որ «Խոջալուի և Գորանբոյի շրջաններում մարտի 8-ի կեսօրից մինչև մարտի 9-ի առավոտյան տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից պարբերաբար կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»։ Պատասխան հարվածները, Բաքվի պնդմամբ, հասցվում են ՊԲ դիրքերին՝ չթիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվաքները։
Փետրվարի վերջին ադրբեջանական կողմը շուրջ երեք օր բարձրախոսով գյուղը լքելու կոչեր էր հնչեցնում։ «Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից։ Հակառակ դեպքում՝ ձեր նկատմամբ ուժ կկիրառվի», - ադրբեջանական դիրքից այս հաղորդագրությունն էր լսվում։ Իրավիճակը որոշակի հանդարտվեց ադրբեջանական կողմի հետ ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններից հետո։
Ադրբեջանական կոչերից շուրջ 10 օր առաջ էլ դաշտում աշխատող տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ էին ադրբեջանական հենակետերից թիրախային կրակոցներ արձակել։ Պաշտոնական Բաքուն այս միջադեպը ներկայացրել էր, թե հայերը փորձել են խրամատներ փորել՝ գյուղաշխատանքների քողի ներքո:
Փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը, ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
Խրամորթում 100 ընտանիք է ապրում, նրանց կողքին են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիքներ։ Գյուղը սահմանային է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Աղդամի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։