Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈւ-ը ակտիվ կրակ են վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. ԼՂ դատախազություն


Լուսանկարը՝ Արցախի դատախազության
Լուսանկարը՝ Արցախի դատախազության

Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին, հայտնում է Արցախի դատախազությունը:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները:

Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետ կիրառել Խրամորթ գյուղի հատվածում՝ արձակելով 3 ական և Խնուշինակ գյուղի ուղղությամբ՝ արձակելով 4 ական:

Փետրվարի վերջին ադրբեջանական կողմը շուրջ երեք օր բարձրախոսով Խրամորթ գյուղը լքելու կոչեր էր հնչեցնում։ Իրավիճակը որոշակի հանդարտվեց ադրբեջանական կողմի հետ ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններից հետո։

Ադրբեջանական կոչերից շուրջ 10 օր առաջ էլ դաշտում աշխատող տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ էին ադրբեջանական հենակետերից թիրախային կրակոցներ արձակել։ Պաշտոնական Բաքուն այս միջադեպը ներկայացրել էր, թե հայերը փորձել են խրամատներ փորել՝ գյուղաշխատանքների քողի ներքո:

XS
SM
MD
LG